Այսօր՝ օգոստոսի 9-ին, հայ և խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ միջոցառում է տեղի ունեցել։

Վլադիվոստոկում սիրված կոմպոզիտորի անունով է կոչվել անդրօվկիանոսյան լցանավը։

Ինչպես հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը`

ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը երախտիքի խոսքեր է ասել ականավոր կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին։

«Առնո Բաբաջանյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և խորհրդային նախկին մյուս հանրապետությունների ժողովուրդների մշակութային ձեռքբերումը»,-նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Միջոցառմանը մասնակցել են Պրիմորիեի երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատսկի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը։

Հանդիսավոր արարողությունից հետո կայացած համերգի շրջանակում Նևելսկու անվան Ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր Անատոլի Յակիմենկո) կատարել է Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները։