Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկվանից քննարկվում է երգչուհի Քրիստինե Պեպելյանի` ԱՄՆ արտագաղթելու թեման: Ըստ հրապարակումների՝ երգչուհին Հայաստանում աշխատանք չունի, ինչի պատճառով որոշել է հեռանալ երկրից:

Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինեն ասաց, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախորդ տարի, երբ ես Միացյալ Նահանգներ էի գնում, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ իմ այցը որպես արտագաղթ մեկնաբանել։ Այդ լուրը կարդացի, երբ ձայնագրման ստուդիայում իմ նոր երգն էի պատրաստում,- ասաց նա, ապա անդրադարձավ հրապարակումներին,- Ես այս ընթացքում միշտ հասանելի եմ եղել և որևէ լրատվամիջոցի կողմից զանգ չեմ ստացել նախքան նման նյութեր հրապարակելը: Լավ կլիներ, որ ինֆորմացիան գրելուց առաջ մարդիկ ինձ հետ խոսեին: Եթե կան լրատվամիջոցներ, որոնք ենթադրություններով են առաջնորդվում, ոչ թե լուրջ տեղեկատվությամբ, ապա ես նրանց հրապարակած լուրերը բամբասանք եմ համարում»: