Պարացետամոլը կարող է ռիսկային վարքագիծ հրահրել, պարզել են Օհայո նահանգի ​​համալսարանի մասնագետները: Հետազոտությունը հրապարակվել է Social Cognitive and Affective Neuroscience ամսագրում:

Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 500 կամավոր: Նրանց մի մասը ստացել է 1000 մգ պարացետամոլ, մյուսը՝ պլացեբո: Այնուհետև գիտնականները նրանց առաջարկել են փուչիկ փչել գումարի դիմաց: Որքան փչված փուչիկը մեծ էր, այնքան մասնակիցն ավելի շատ գումար էր ստանում: Սակայն փուչիկի պայթելու դեպքում նա ոչինչ չէր ստանում:

Ինչպես պարզվել է, պարացետամոլից հետո մասնակիցները պատրաստ էին ռիսկի դիմել և ավելի ուժեղ փչել փուչիկը: Արդյունքում, այս խմբում պայթած փուչիկների քանակն ավելի մեծ էր, քան պլացեբոյում: Կամավորները նաև հարցաթերթիկներ են լրացրել, որտեղ նրանք գնահատել են տարբեր հիպոթետիկ իրադարձությունների ռիսկի աստիճանը, օրինակ՝ սպորտային միջոցառման մասնակցելը կամ առանց անվտանգության գոտի մեքենա վարելը: Այս դեպքում ևս պարացետամոլը բթացրել է ռիսկի զգացումը, սակայն ոչ բոլորինը:

Նման ազդեցության պատճառները դեռևս հասկանալի չեն. հավանական է, որ պարացետամոլը ինչ-որ կերպ նվազեցնում է անհանգստությունը, կարծում են հետազոտողները: Այնուամենայնիվ, այս արդյունքները մտահոգիչ են COVID-19-ի համավարակի ֆոնին, նշում են նրանք: Հիվանդները կարող են պարացետամոլ ընդունել ախտանիշները թեթևացնելու համար, բայց եթե այն նպաստում է ռիսկային վարքագծի դրսևորմանը, ապա կարող է խրախուսել նրանց լքել տունը և հանդիպել մարդկանց` մեծացնելով վարակի տարածման հավանականությունը:

Աշխատանքի հեղինակները կոչ են անում ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են պարասետամոլը և առանց դեղատոմսի վաճառվող այլ դեղերն ազդում մարդու վարքի վրա: