Մասնագետները առաջարկում են COVID-19-ի բուժման համար օգտագործել CytoSorb-ը՝ եզակի սարք, որն իրենից ներկայացնում է սպունգի պես աշխատող գնդիկներով ֆիլտր:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, այս սարքի օգնությամբ կարելի է արյունը մաքրելու միջոցով հիվանդի մարմնից հեռացնել պոտենցիալ վնասակար ցիտոկինները: Ֆիլտրի գնդիկներն ունեն անցքեր, ուր ընկնում են եւ որտեղից չեն կարող դուրս գալ ցիտոկինները: Միաժամանակ, ավելի փոքր եւ օգտակար արյան տարրերը, ինչպիսիք են հակամարմինները, առանց խնդիրների անցնում են ֆիլտրի միջով՝ չմնալով այնտեղ:

Ցիտոկինները իմունային բջիջների կողմից արտադրվող սպիտակուցներ են, որոնք օգնում են համակարգել օրգանիզմի գրոհը վարակի աղբյուրի դեմ: Բայց երբեմն իմունային համակարգի պատասխանը չափազանց ագրեսիվ է լինում, եւ զարգանում է ցիտոկինի փոթորիկ (բորբոքման աննորմալ բարձր մակարդակ), որի հետեւանքով տուժում են պացիենտի հյուսվածքները: Այս ամենը կարող է հանգեցնել սուր շնչառական դիսթրես-համախտանիշի (ՍՇԴՀ), որը բնորոշ է կորոնավիրուսին:

Ներկայում անցկացվում է համակարգի փորձարկում՝ գնահատելու համար կորոնավիրուսի վարակի դեպքում դրա արդյունավետությունը: Մինչ օրս 30 երկրներում բուժվել է ավելի քան 1200 հիվանդ:

Աշխատանքի սխեման պարզ է՝ պարանոցի կամ ոտքի արյունատար անոթին խողովակ է ամրացվում, եւ արյունը սկսում է հոսել ֆիլտրի միջով: Մաքրված արյունը հետ է հոսում մարմին: Հաստատվել է, որ 24-ժամյա մեկ սեանսի ընթացքում արյան ամբողջ ծավալը ավելի քան 70 անգամ մաքրվում է: