SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը չի կարող վարակել մարդու բջիջներն առանց հեպարանսուլֆատի մոլեկուլի, որը գտնվում է թոքերի բջիջների մակերեսին եւ որպես ընկալիչ է գործում կորոնավիրուսի ներթափանցման համար: Այս մասին հայտնել են Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները Cell ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ Lenta.ru-ի` կորոնավիրուսը, ինչպես արդեն վաղուց հայտնի է, ունի S- սպիտակուցը, որը կապվում է ACE2 բջջային ընկալիչի հետ: Հեպարանսուլֆատը գործում է որպես հիմնական ընկալիչ, ինչը նշանակում է, որ վիրուսը պետք է լրացուցիչ կապվի այս մոլեկուլի հետ` բջիջը վարակելու համար:

Ինչպես պարզվել է, կորոնավիրուսով վարակման հավանականությունը 80-90 տոկոսով նվազում է, եթե հեպարանսուլֆատը հեռացվում է ֆերմենտների միջոցով: Բացի այդ, հեպարինը կարող է արդյունավետորեն որպես խայծ օգտագործվել` կորոնավիրուսը մարդկային բջիջներից հեռու կապելու համար:

Հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են օգնել նոր դեղամիջոցներ մշակել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է հեպարինը եւ հեպարանսուլֆատի ինհիբիտորները փորձարկել SARS-CoV-2-ով վարակված կենդանիների վրա: