Բրիտանացի և ամերիկացի գիտնականները նշել են կորոնավիրուսի երկարաժամկետ ազդեցությունների մասին, գրում է Mirror- ը:

Փորձագետները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ ամիսներ շարունակ տառապում են այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են՝ «մշուշը գլխում», կենտրոնանալու անկարողությունը, սրտի մկանների բորբոքումը, ամորձիների ցավը, երիկամների վնասումը և միզուղիների խնդիրները: Հիվանդները նույնպես ունեցել են կաթվածներ, նոպաներ և ջղաձգումներ:

Կորոնավիրւսով հիվանդացածներից շատերը բողոքում են, որ վիրուսով վարակվելուց հետո վեց ամսվա ընթացքում չեն կարողանում վերադառնալ աշխատանքի: Ապաքինվածների մոտ 20 տոկոսը հաղորդում է հիվանդության երկարատև ազդեցության մասին:

Ավելի վաղ գիտնականները կապ էին հայտնաբերել COVID-19-ի և ուղեղի անոթների վնասման միջև: Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսը չի ներթափանցում ուղեղի հյուսվածքներ, բայց այն նպաստում է դրանց ներսում գտնվող փոքր անոթների պատերի վնասմանը, ինչը կարող է առաջացնել արյունահոսություն և կաթվածներ: