Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը տարածվում է ավելի արագ, քան սովորական տարբերակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովեն:

«Մենք հենվում ենք վերարտադրողական թվի վրա, որը 1,1 ից հասել է 1,5-ի», – մեջբերել է նա բրիտանացի բժիշկների անցկացրած մոդելավորումների տվյալները:

Սակայն առկա տեղեկատվությունը վկայում է, որ վիրուսը տարածվում է նույն ճանապարհով, ինչ իր «նախորդը»։ Հետևաբար, դրա դեմ պայքարի միջոցները կմնան նույնը։

Փորձագետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ջանասիրաբար աշխատել փոխանցման շղթան ընդհատելու համար։ Ինչպես հավելել է Կերխովեն, դա բարդանում է այն փաստով, որ զուգահեռաբար շարունակում է շրջանառել COVID-19-ի սովորական տարբերակը:

Նա նաև հայտարարել է, որ առայժմ չկան տվյալներ, որոնք հաստատում են նոր շտամի ավելի բարձր վտանգը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին։ ՀԱՀ-ի առողջապահության նախարարությունում ավելի վաղ հայտնել էին նաև, որ գենետիկները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կոչվում է 501:V2։ «Բրիտանական շտամը» հայտնաբերվել է արդեն 41 երկրում։

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 86,7 միլիոնը։ Պանդեմիան մոտ 1,9 մլն մարդու կյանք է խլել։