Համաճարակի տարածումը կարող է կասեցնել միայն զանգվածային պատվաստումը, բայց արդյունքի հասնելու համար երկու բան է անհրաժեշտ՝ պատվաստման գործընթացի ճիշտ կազմակերպում եւ որակյալ պատվաստանյութի առկայություն: Այսպիսի կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին «COVID-19-ի դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների համագործակցությունը ու բնակչության պատվաստման հեռանկարները» թեմայով տեսակամրջի ժամանակ

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ բուն պատվաստումը ակնթարթային համադարման չէ. սա գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Դրանից բացի, կարեւոր խնդիր է լինելու պատվաստման հանդեպ քաղաքացիների անվճռականության խնդրի հաղթահարումը:

«Եթե պատվաստվել, թե ոչ ընտրություն կատարելիս յուրաքանչյուր մարդ որոշում է կայացնում միայն իր շահերից ելնելով՝ չցանկանալով անգամ նվազագույն ռիսկի ենթարկվել հանուն ընդհանուր գլոբալ արդյունքի հասնելու, ապա մենք առաջընթաց չենք ունենա»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ պատվաստումը պետք է ընկալել որպես բարիք, այլ ոչ թե հարկադրանք կամ պարտականություն: Մարդիկ պետք է հասկանան, որ զանգվածային պատվաստումը ինչպես անձամբ ամեն մի մարդու համար հիվանդությունը կանխելու հնարավորություն է, այնպես էլ կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակը կասեցնելու հնարավորություն:

Մասնագետը շեշտել է նաեւ պատվաստանյութերի մշակման ու բաշխման ոլորտում միջազգային համագործակցության կարեւորությունը: Այս ոլորտում ԿՈՎԱԿՍ նախաձեռնությունը կարող է կարեւոր դերակատարում ունենալ, քանի որ դրա նպատակն է պատվաստանյութի արդարացի տարածումը՝ անկախ երկրի եկամուտների մակարդակից:

«Չէ՞ որ վիրուսը սահմաններ չի ճանաչում, եւ եթե մենք պատվաստենք միայն որոշակի երկրների կամ մարդկանց խմբերի, ապա դա համաճարակը չի կանխի»,- ասել է մասնագետը: