«2 ժամը մեկ հանգստացնող դեղահաբ էի խմում»: Իննա Խոջամիրյանի 24-ամյակի երեկոն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում է անցել: «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերան համընկել է դերասանուհու ծննդյան օրվա հետ:

BRAVO.am-ը հոբելյարի հետ զրուցել է հիշարժան տարեդարձի եւ սպասվող նորությունների մասին:

«Վերջին տարիներին տարեդարձս աշխատանքային միջավայրում եմ անցկացրել։ Մինչեւ ուշ երեկո ծննդյան օրվա զգացողություն չունեցա. շատ լարված էի, ներկայացումը կլանել էր ողջ ուշադրությունս։ Օրվա վերջում միայն մի լավ լիցքաթափվեցի»,- պատմել է Իննան:

 

Նրան առաջինը գործընկերն են շնորհավորել.«Ժամը 12-ին հյուրանոցի իմ սենյակ եկան թատրոնի երիտասարդ անձնակազմի դերասաններն ու ինձ շատ ուրախացրին։ Հետո միասին գնացինք թատրոնի տնօրենի ծնունդը շնորհավորելու։

Այդ օրվանից շատ բան չեմ հիշի, մի շնչով անցավ, միայն տպավորվել է, որ 2 ժամը մեկ հանգստացնող դեղահաբ էի խմում. կյանքումս առաջին ներկայացումը պիտի խաղայի, հուզմունքը մեծ էր։ Օրվա վերջում բոլորով նշեցինք ե՛ւ ծնունդները, ե´ւ պրեմիերան։ Շատ-շատ լավ ու անմիջական մթնոլորտում անցավ երեկոն»:

Իննան չցանկացավ նշել, թե Հայկ Պետրոսյանն ինչպես է շնորհավորել իրեն.«Չեմ ուզում բարձրաձայնել՝ ով ինչպես շնորհավորեց, ով ինչ նվիրեց եւ այլն։ Անձնական թեման այլեւս ոչ մի պարագայում արծարծման ու մեկնաբանման ենթակա չէ»:

Տոնական տորթի մոմերը փչելիս նա երազանք չի մտապահել.«Երկու տարբերակ կա՝ կա՛մ այս փուլում ինքնաբավ եմ, եւ դեռ չեմ տրվել երազանքներիս, կա՛մ էլ չգիտեմ՝ այս շրջանում ինչ եմ ուզում երազել:)»:

Դերասանուհին մտաբերել է իր անմոռանալի ծննդյան օրը.

«20-ամյակս եմ հիշում: Սնահավատ եմ այն տեսանկյունից, որ մազը հիշողություն է պահում։ 20-ամյակիս երեկոյան խնջույքի փոխարեն պարզապես գնացի վարսավիրանոց ու կտրեցի մազերս։ Այդ օրվանից այլ մարդ եմ՝ արժեքներով, հայացքներով, մտածելակերպով»:

Խոսելով սպասվող նորություններից՝ Իննան ասել է.«Նոր սերիալը եւ թատրոնը կլանում են ողջ ժամանակս: Սերիալի նկարահանումներն այժմ գյուղերից մեկում ենք իրականացնում՝ գիշերակացներով, թատրոնը Գյումրիում է. այսօր մտաբերեցի, որ 10 օրից ավելի է, ինչ մեր տանը չեմ եղել, մերոնց ինձ կարոտել եմ տալիս:):

Մի քանի այլ ծրագրեր էլ կան, որոնք դեռ ընթացքի մեջ են, հստակ լինելու դեպքում՝ կբարձրաձայնեմ »,- եզրափակել է նա: