Վարսակը կարող է վնասակար լինել աղեստամոքսային որոշ հիվանդություններ, օրինակ՝ գրգռված աղիքի համախտանիշ ունեցող մարդկանց համար: Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Ռոքսանա Էսանին (ԱՄՆ):

Մասնագետի խոսքով՝ վարսակը մեծ քանակությամբ բուսական մանրաթել է պարունակում, ինչը կարող է գազերի առաջացման պատճառ դառնալ: Հետեւաբար, վերոնշյալ հիվանդություններ ունեցող մարդկանց ավելի լավ է սպիտակ բրնձի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի ալյուրի շիլա պատրաստել:

Սննդաբանը նաեւ նախազգուշացրել է, որ առողջ մարդկանց համար էլ վարսակը միշտ չէ, որ օգտակար է: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է պատրաստման եղանակից: Կաթով շիլան պարունակում է հագեցած ճարպեր՝ քաղցրացուցիչների ավելացմամբ, ինչպիսիք են շագանակագույն շաքարը կամ մեղրը, բարձրացնում է կալորիաների եւ ածխաջրերի պարունակությունը: Եւ մեկից, եւ մյուսից ավելի լավ է խուսափել։

Ավելի վատ իրավիճակ է՝ կապված վարսակի արագ պատրաստվող շիլայի հետ, որը, որպես կանոն, պարունակում է շաքար եւ շատ սինթետիկ հավելումներ:

Մասնագետը խորհուրդ է տալիս վարսակի շիլան պատրաստել ճարպազերծված կամ բուսական կաթով, օգտագործել սովորական վարսակ եւ ընտրել առողջ հավելումներ՝ թարմ մրգեր, ընկուզեղեն, ընկույզի յուղ եւ համեմունքներ, ինչպիսիք են դարչինը կամ հիլը: