Մեղվակաթ արտադրում են 7-15 օրական մեղուները։ Այն մեղվի կրծքավանդակի եւ վերին ծնոտի գեղձերից դուրս եկող հեղուկ է, մոխրադեղնագույն, թթվասերի խտության, թթվաշ, աղի է, սուր յուրահատուկ հոտով։ Մեղվակաթն արտադրում են կերակրող մեղուները։ Եթե պարսին հարկավոր են աշխատող մեղուներ, ապա թրթուրը կերակրվում է 1-3 օր։ Մայր մեղու ստանալու համար ձուն տեղադրվում է նախօրոք պատրաստված մայրանոցի մեջ, այնտեղ միշտ կաթ կա, մեղվամայրի եւ կերակրող մեղուների թրթուրները կերակրվում են հինգ օր, մայր մեղուն` մինչեւ կյանքի վերջը։ Այն կաթը, որ նախատեսված է մայր մեղվի թրթուրի համար, տարբերվում է իր բարձր որակով եւ կոչվում է մայրական կաթ։ Մայր մեղուն 5 օր ավելի շուտ է հասունանում, կշռում է 2 անգամ ավելի, ապրում է մոտ 55 անգամ ավելի օրեր, քան աշխատող մեղուն։ Մեկ օրում մայր մեղվի ձվադրությունը հասնում է 1000-2000-ի։

Մեղվակաթի բաղադրությունը շատ բարդ է` կախված բազմաթիվ հանգամանքներից։ Միջինացված տվյալներով` այն պարունակում է 14-18% սպիտակուց, 9-19% շաքար, 1,7-5,7 % ճարպ, 1% հանքային աղեր։ Կաթը հարուստ է սպիտակուցներով, հայտնաբերվել են թվով 22 ամինաթթուներ, գլոբուլինաթթու, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը թույների, մանրէների նկատմամբ։ Մեղվակաթը պարունակում է մեծ թվով B1, B2, B3, B6, B9, B12, PP, H, ավելի նվազ քանակությամբ` նաեւ վիտամիններ C,D, ենթավիտամին A։ Պանտոտենային թթուն կարեւոր է աճող օրգանիզմի համար` մայրական կաթում դա ավելի շատ է, քան մեղվակաթում։

ԳՈՎԱԶԴ00:51Իմանալ ավելին
Ինչպես է մարդը վերցնում մեղվակաթը։ Փեթակի մեջ տեղավորում են շրջանակ, որում տեղադրված են 1 օրական թրթուրներ, մայր մեղուն հեռացվում է փեթակից։ Մեղվաընտանիքն առանց մեղվամայրի չի կարող պահպանել գոյությունը, մեղուներն առատորեն կերակրում են թրթուրներին։ Կաթը հանում են, երբ թրթուրները դառնում են 3 օրական, խստորեն պահպանում են հիգիենայի օրենքները։ Եթե ընտանիքն ուժեղ է, մեկ փեթակից կարելի է ստանալ տարեկան 400-600գ մեղվակաթ։ Բնական կաթը պահում են լույսից հեռու, մութ տեղում` 20 աստիճանի տակ։ Ճիշտ պահպանման դեպքում (մինուս 18-20 աստիճան)` կաթը պահպանում է իր հատկությունը մինչեւ 36 ամիս։ Մեղրի մեջ գտնվող ինոզիտը փոխում է կաթի հատկությունները, եթե մեղրը 90-120 րոպե տաքացնեք մինչեւ 50 աստիճան, ապա կաթը կարելի է խառնել մեղրի հետ։ Լավագույն արդյունքը ստացվում է, երբ կաթը լուծում են ջրի մեջ, տեղադրում վակուումում եւ սառեցնում մինչեւ մինուս 30-50 աստիճան։ Ջուրը գոլորշիանում է, իսկ կաթը վերածվում է բաց դեղնավուն փոշու, որի պահպանումը հատուկ պայմաններ չի պահանջում։

Մեղվակաթն ունի անաբոլիկ` «շինարարական» հատկություն, այն լավացնում է նյութափոխանակությունը, արագացնում երիտասարդ օրգանիզմի աճը, լավացնում է ախորժակը, բարձրացնում հեմոգլոբինը եւ ավելացնում արյան կարմիր գնդիկների քանակը։ Փորձարկման ենթարկված կենդանիները մոտ 20 տոկոս ավելի երկար են ապրում, բարձր է դրանց դիմադրողականությունն արտաքին ազդակների հանդեպ։

Կաթն ուժեղացնում է սեռական ֆունկցիան` հավերը սկսում են ավելի շատ ձու ածել, վերականգնվում է ձու չածող հավի ֆունկցիան։ Մեղվակաթի լուծույթն ունի ինքնամաքրման հատկություն, այն մանրէազերծ նյութ է, օգտագործվում է մաշկի ստաֆիլոկոկների միջոցով առաջացած վարակի դեպքում, բուժումը տեղային է։ Ներքին օգտագործման դեպքում կաթն արագ լուծվում է արյան մեջ։

Մեղվակաթը լավացնում է սրտի աշխատանքը, ամրացնում արյունատար անոթների պատերը, խթանում ադրենալինի արտադրությունը մակերիկամներում։ Կաթն ունի հավասարակշռող ազդեցություն Կենտրոնական նյարդային համակարգի վրա, կարգավորում է ճնշումը, կիրառվում է հիպոտոնիայի եւ հիպերտոնիայի բուժման համար (կախված չափաբաժնից)։ Մեղվակաթը կիրառվում է բրոնխային ասթմայի, ռեւմատիկ բնույթ ունեցող արթրիտի բուժման համար, քանի որ ունի արտահայտված իմունակարգավորող հատկություն։ Այս դեպքում մեղվակաթը ճնշում է մարդու օրգանիզմում հակամարմինների սինթեզման գործընթացը։ Հատուկ փորձերով պարզվել է, որ խոլեստերինով հագեցած կենդանիներին մեղվակաթի ներարկումն իջեցրել է աթերոսկլերոտիկ կուտակումների քանակը, 80 տոկոսով կարգավորել է լյարդի, երիկամների, մակերիկամների, սրտի, աչքի հատակի եւ այլ օրգանների կենսագործունեությունը։ Մեղվակաթը կիրառվում է աղեստամոքսային հիվանդությունների դեպքում, խթանում է լյարդի հյուսվածքների վերականգնման գործընթացը, օգտակար է շնչառական օրգանների եւ ուռուցքների բուժման դեպքում։ Ընդհանուր առմամբ` այս մոգական նյութը լավացնում է ծանր հիվանդություններից վերականգնվող հիվանդների վիճակը եւ կիրառվում թվով ավելի քան յոթ տասնյակ հիվանդությունների բուժման ժամանակ։

Կարեւոր է հիշել, որ ցանկացած մթերք եւ դեղամիջոց կարող է բացասական ազդեցություն ունենալ, մեղվակաթը օգտագործվում է շատ չնչին չափաբաժիններով։ Արտադրվում են Ապիլակ դեղահաբերը, մեկ հաբը պարունակում է 0,01գ մեղվակաթ։ «Ապիլակ» բառացիորեն թարգմանվում է` «մեղվի կաթ»։ Մեղվակաթը հակացուցված է մակերիկամների եւ սուր վարակիչ հիվանդությունների դեպքում։ Բուժման նպատակով օգտագործվում է մեղվակաթի խառնուրդը մեղրի հետ 1։100 հարաբերությամբ, այն դրվում է լեզվի տակ 10 րոպե: Մինչ այդ խմեք բորժոմ կամ այլ ալկալիական հիմքով ջուր։

Դիսբակտերիոզի դեպքում. Խառնեք 20գ ծաղկափոշի, 2գ մեղվակաթ, 500գ բյուրեղացած («սառած») մեղր։ Ընդունեք օրը 3 անգամ, կեսական թ/գ վերը նշված ձեւով։

Մաշկային հիվանդությունների դեպքում. Առավոտյան եւ երեկոյան ընդունեք 0,02գ Ապիլակ հաբ, պսորիազի դեպքում բարակ շերտով քսեք 3 տոկոսանոց Ապիլակ քսուք։ Շարունակեք 1-2 ամիս։

Արթրիտների, հոդատապի դեպքում. Ընդունեք մեկական թ/գ մեղվակաթի եւ մեղրի խառնուրդ օրը 2 անգամ։ Մինաժամանակ կիրառեք նաեւ մեղվի խայթոցներով բուժում։

Աչքի հիվանդությունների դեպքում. Օգտագործեք 0,5 կամ 1 տոկոսանոց Ապիլակ քսուք։ Օգնում է հերպեսի, այրվածքի, սուր շաղկապենու բորբոքման (կոնյուկտիվիդ), գարեհատի (տիկնակլունձ) դեպքում։

Ստենոկարդիայի դեպքում. Ավելացրեք 5-ական գրամ մեղվակաթի եւ մեղրի խառնուրդին 1-2 կաթիլ անանուխի կամ պատրինջի (դեղատնային) յուղ։

Լյարդի հիվանդությունների դեպքում ընդունեք.

– 30-ական գրամ մեղր` օրը 3 անգամ,
– 0,8գ ծաղկափոշի լեզվի տակ` օրը 3 անգամ,
-0,05գ մեղվակաթ լեզվի տակ` օրը 2 անգամ, պահեք մինչեւ ներծծվելը։

Գիրության, շաքարային դիաբետի դեպքում. Փոշիացրեք 25-30 հատ Ապիլակ հաբ, խառնեք 350գ մեղրի հետ, որպեսզի ստացվի համասեռ զանգված։ Ընդունեք մեկական թ/գ, օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։ Ժամկետը` 8-10 ամիս։ Դանդաղորեն իջնում եւ կայունանում է շաքարի տոկոսը, կարգավորվում ճնշումը։

***
Եթե անշնչացած մեղվին հնարավոր չէ հեռացնել բնից, մեղուները դին ծածկում են մոմով եւ մեղրով, որպեսզի չնեխի։ Երբ մաքրում եք փեթակը, հավաքեք դրանք, մանրացրեք մինչեւ փոշիանալը, 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ օղի։ Թրմեք 14 օր, հաճախակի թափահարեք։ Քամեք թանզիֆի հաստ շերտով։ Ընդունեք 15-30 կաթիլ, օրը 1-2 անգամ, սնունդ ընդունելուց հետո։ Անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ, հատկապես, եթե խնդիրներ ունեք ենթաստամոքսային գեղձի հետ։