Գազարի Thapsia villosa տեսակը վտանգավոր է մարդու կյանքի համար, սակայն, ինչպես պարզել են Նոթինհեմի համալսարանից հետազոտողները, բուսական հիմքի վրա հակավիրուսային դեղամիջոց տապիսգարգինը (ՏԳ) լաբորատոր պայմաններում արդյունավետորեն սպանում է SARS-CoV-2-ի բոլոր տարատեսակները՝ ներառյալ ամենաարագ տարածվող Դելտա շտամը, հաղորդում է BBC-ն:

Լաբորատոր գիտափորձերը ցույց են տվել, որ ՏԳ-ի չափաբաժինը, որը ներարկվել է նախքան վարակը կամ դրա ակտիվ փուլի ժամանակ, արգելափակել է SARS-CoV-2-ի տարբեր տեսակները եւ առաջացրել հզոր պաշտպանիչ ռեակցիա:

«Գրիպի վիրուսի, շնչառական վիրուսների ու կորոնավիրուսի մասին մեզ հասանելի տվյալները վկայում են, որ ՏԳ-ն չի խոչընդոտում օրգանիզմում վիրուսի ներթափանցմանը, այլ փակում է դրա տարածման ներհյուսվածքային ուղիները»,-մանրամասնում են հետազոտողները:

Բժիշկների շրջանում վերջերս ամենամեծ մտավախություններն առաջացնում է Դելտա տարբերակը, որը 4 անգամ շատ ավելի արագ է տարածվում օրգանիզմում՝ ի տարբերություն Ալֆայի, եւ 9 անգամ արագ՝ ի տարբերություն Բետայի: Դեռ ավելին, Դելտան արագացնում է կորոնավիրուսի մյուս տարբերակների կրկնօրինակումը զուգահեռ վարակման դեպքում՝ «օգնելով գործընկեր վիրուսներին»:

Ավելի է կարեւորվում փաստը, որ ՏԳ-ն գործում է նույնչափ արդյունավետ բոլոր տեսակների դեմ:

Իհարկե, հենց դեղամիջոցի ստեղծումը, որը կլինի արդյունավետ եւ անվտանգ մարդկանց համար (չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք թունավոր գազարի հետ) եւ հետագա կլինիկական փորձարկումները ժամանակ են պահանջում, սակայն առաջին քայլն արդեն արվել է: