Օքսֆորդի համալսարանի Մեծ տվյալների ինստիտուտի պրոֆեսոր Քրիստոֆ Ֆրեյզերի ղեկավարությամբ աշխատող գիտնականների խումբը Նիդեռլանդներում հայտնաբերել է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նոր՝ ավելի վտանգավոր եւ ավելի վարակիչ շտամ։ Այս մասին նրանք տեղեկացնում են Science ամսագրում։

Գիտնականները մուտացիան գտել են ՄԻԱՎ-ով վարակված եվրոպացիների (նրանք Ուգանդայից էին) արյան նմուշների մեջ։ Նրանցից 17-ի մոտ հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ տարբերակ, որն անվանվել է VB։ Նրանցից 15-ը Նիդեռլանդների բնակիչներ էին, ուստի գիտնականները լրացուցիչ ուսումնասիրել են ՄԻԱՎ ունեցող 6700 նիդեռլանդացիներից վերցված նմուշները, ինչից հետո հայտնաբերվել է եւս 92 մարդ՝ վարակված նոր շտամով։


Իմունային անբավարարության վիրուսի VB տեսակով վարակվածների վիրուսային բեռնվածությունը մի քանի անգամ ավելի բարձր էր, քան ՄԻԱՎ արդեն հայտնի տեսակներով վարակվածներինը։ Ավելին, նրանց մոտ ավելի բարձր էր ՁԻԱՀ-ի առաջացման, ինչպես նաեւ վարակն այլ մարդկանց փոխանցելու վտանգը։ Սակայն հակառետրովիրուսային թերապիայից հետո իմունային համակարգը կարգավորվում էր։

Ավելի ուշ հետազոտությունը ցույց է տվել, որ VB շտամն իրականում Նիդեռլանդներում հայտնվել է 1980-ական թթ. վերջերին – 1990-ական թթ. սկզբներին։ 2000-ական թթ. այն ավելի արագ է տարածվել ՄԻԱՎ այլ տարբերակների համեմատ, բայց 2010-ից հետո, վիրուսի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ, դրա տարածումը դանդաղել է։

Թե ինչու է հիմա շտամը նորից հայտնվել՝ գիտնականներին առայժմ հայտնի չէ։