Կորոնավիրուսի օմիկրոն շտամը հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց համար, չէ՞ որ այն կարող է հանգեցնել պացիենտի ուղեկցող հիվանդությունների բարդությունների։ Հենց այս պատճառով 60+ տարիքային խմբի գրեթե յուրաքանչյուր երկրորդ վարակված ներկայացուցիչ հոսպիտալացվում է։

Ինչպես տեղեկացրել է Օրենբուրգի առողջապահության նախարար Տատյանա Սավինովան, մարզում շնչուղիների վարակների հիվանդացության ընդհանուր նվազման ֆոնին (Օրենբուրգում՝ 30 տոկոսով, Օրսկում՝ մոտ 50 տոկոսով) ուշադրություն է գրավում թոքաբորբի վիճակագրությունը։ Անցած շաբաթ գրանցվել է թոքաբորբի 1 300 դեպք, եւ քովիդով հիվանդների թիվը այդ պատճառով մարզում դեռեւս չի նվազում։ Այսօրվա դրությամբ մարզում 1 610 մահճակալ զբաղեցված է պացիենտների կողմից։


«Հերթական անգամ դիմում եմ տարեց մարդկանց. շատ կարեւոր է խուսափել վարակից։ Նրանց համար օմիկրոնով հիվանդանալը բավական ծանր է ընթանում։ Ընդ որում՝ անգամ ոչ այնքան թոքաբորբի, որքան այդ շտամի՝ հիմնական հիվանդությունները (որոնցով տառապում են տարեց մարդիկ) խորացնելու հատկության պատճառով,- ասել է Սավինովան։- Մենք տեսնում ենք, որ ավելանում են ուղեղի, սրտի կաթվածները, բարդանում է օնկոլոգիական պաթոլոգիաների, էնդոկրին հիվանդությունների ընթացքը եւ այլն։ Տարեց պացիենտների 50 տոկոսը հոսպիտալացվում է հիմնական հիվանդության զգալի վատթարացմամբ»։

Մասնագետը ավագ սերնդի մարդկանց հորդորել է հետեւել հակահամաճարակաբանական խորհուրդներին, օգտագործել պաշտպանիչ միջոցները եւ խուսափել ավելորդ սոցիալական շփումներից։