Կաթվածը կարող է ուղեկցվել ոչ միայն ձախ ձեռքի եւ թեւատակի սուր ցավով, այլեւ մի շարք ոչ բնորոշ ախտանշաններով, ինչպիսին են հազը, գլխապտույտը եւ շնչարգելությունը։ Այս մասին տեղեկացրել են թերապեւտ Նեյա Գեորգիեւան եւ սրտաբան Աննա Դրոգանովան։

«Лента.ру»-ի հետ զրույցում բժիշկները նշել են այն հիմնական նշանները, որոնք կարող են վկայել կաթվածի մասին։


Միոկարդի կաթվածը սրտամկանի սուր ախտահարումն է զարկերակի թրոմբոզի հետեւանքով, բացատրել է Դրոգանովան։ Աթերոսկլերոզի պատճառով զարկերակները սկսում են աստիճանաբար նեղանալ կամ լիովին փակվել թրոմբով, ինչի հետեւանքով խախտվում է սրտի սնուցումն արյամբ, եւ սկսվում է հյուսվածքների նեկրոզ։ Անգամ ոչ մեծ հատվածի ախտահարվելու պատճառով սրտամկանը չի կարողանում աշխատել ամբողջ ուժով, ուստի խախտվում է սրտի ռիթմը։ Սուր ինֆարկտի դեպքում հնարավոր է, որ ելքը մահացու լինի։

Միոկարդի կաթվածի բնորոշ նշան է ցավը։ Ամենից հաճախ պացիենտը դժգոհում է կրծքավանդակում տարբեր ինտենսիվության ցավից, բայց, որպես կանոն, այն ավելի արտահայտված է եւ կարող է «փոխանցվել» միջթիակային տարածքին, պարանոցին, ձախ ձեռքին։

Ինչպես նշել է Դրոգանովան, ցավը միոկարդի կաթվածի ժամանակ այրող է, ճնշող, սեղմող։ Բայց ամենագլխավորն այն է, որ, ի տարբերություն ստենոկարդիայի նոպայի, այն մի քանի րոպե չի անցնում եւ կարող է ուղեկցվել մահվան ուժեղ վախով, հեւոցով, դողով եւ կտրուկ թուլությամբ։

Գեորգիեւան ոչ ակնայտ ախտանշաններից նշել է սուր, կտրուկ, «դաշույնի հարված հիշեցնող» ցավերը ոչ բնորոշ տեղերում՝ ոչ թե կրծքավանդակում, այլ կոկորդի, ձեռքերի մատների, ողնաշարի կրծքի մասի եւ արեւահյուսակի, ծնոտի հատվածներում։

Կաթվածի անցավ ձեւը կարող է սկսվել հազով եւ շնչարգելությամբ, այտուցներով, գլխապտույտով եւ կիսաուշագնաց վիճակով։ Պաթոլոգիայի ընթացքը կարող է աղոտ լինել՝ կրծքավանդակի նվազագույն ցավով, որին մարդն ուշադրություն չի դարձնում, իսկ ավելի ուշ կաթվածը պատահաբար հայտնաբերվում է ԷԿԳ-ով։