Մամուլում օրեր շարունակ քննարկվում էր այն լուրը, որ «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Բրյունետը:

21- ամյա երգչուհու իսկական անունը Էլեն Երեմյան է, բայց հանրությանը նա ներկայանում է Բրյունետ բեմական անվամբ: Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ:

Երգչուհին ստեղծագործում է 15-ից տարեկանից և «ՆՎԱԿ» հիմնադրամի սան է։ Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ հենց հիմնադրամի շնորհիվ նա շատ բան է բացահայտել:

««ՆՎԱԿ»-ը երիտասարդ երաժիշտներիս հնարավորություն է տալիս հմտանալ մեր գործում: Այստեղ մենք հավատում ենք մեր ուժերին»,- ասել էր երգչուհին:

Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է: Վերջին տարիներին երգչուհին թողարկել է 3 հեղինակային ստեղծագործություն, իսկ նրա վերջին աշխատանքը՝ «Բաց կապույտ աչքերդ» երգը յութուբում ունի շուրջ 5 միլիոն դիտում, իսկ «Smoke Break» աշխատանքը շուրջ 3 մլն դիտում:

Երգչուհին նաև ակտիվ է սոցիալական հարթակներում: Ինստագրամյան իր էջի հետևորդները գերազանցում են 250 հազարը, իսկ TikTok-ում 77 հազար հետևորդ: Երգչուհին նաև հանդիսացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ:

Երգչուհին նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»:

«Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: