Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և մոդել Բեյոնսեն այսօր դառնում է 34 տարեկան: Ծնվել ու մեծացել է Հյուսթոնում՝ Տեխասի նահանգում: Դեռ մանուկ հասակում մասնակցել է մի շարք երաժշտական և պարային մրցույթների: Համաշխարհային հռչակը թակել է Բեյոնսեի դուռը 1990-ականներին, երբ նա դեռ հանդես էր գալիս «Destiny's Child» խմբի կազմում:

Երբ խմբի հետագա գործունեությունը հարցականի տակ էր, նա հանդես եկավ իր առանձին ալբոմով 2003թ., որը կոչվում էր «Dangerously in Love»: Սրա համար Բեյոնսեն ստացավ Գրեմիի 5 մրցանակ: Սա միայն սկիզբն էր, քանի որ հաջորդ ալբոմները ոչ միայն կրկնեցին, այլև գերազանցեցին այս արդյունքը:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերային, ապա այն սկիզբ դրվեց 2001թ. «Կարմեն» ֆիլմով: 2006թ. նկարահանվել է «Երազանքի աղջիկը» բրոդվեյան մյուզիքլի ֆիլմի մեջ և ստացել Ոսկե գլոբուս: Շուտով նա նաև պայմանագիր է կնքում այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են  Pepsi, Tommy Hilfiger, Armani և L'Oréal:

«Time» ամսագիրը ներառել է Բեյոնսեին աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում: 2009թ. «Billboard»-ը հայտարարեց նրան 2000-ական թթ. ամենահաջողակ կին կատարողը և տասնամյակի գլխավոր ռադիոկատարողը:

Բեյոնսեն ամուսնացած է հայտնի և հաջողակ ամերիկացի ռեփեր Ջեյ-Զիի հետ և ունի մեկ դուստր: