Այս անգամ ձեր ուշադրությունն ուզում ենք հրավիրել դերասանուհի և հաղորդավարուհի և պարզապես գեղեցկուհի Աիդա Թորոսյանի վրա, ով այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում:
Աիդան ամեն առավոտ բարի լույս է ասում Կալիֆոռնիայի հայությանը` “Panarmenian” հեռուստատեսության եթերից, որի մի հատված եթեր է հեռարձակվում «Արմնյուզ» հեռուստաալիքով` «Երեկոյան Երևան» հաղորդման շրջանակներում:
Բացի այդ նա առանցքային դեր է խաղում «Արմենիա» հեռուստատեսությամբ ներկա պահին ցուցադրվող «Խաչվող հետքեր» հեռուստասերալում, և պետք է նշել, որ իր առջև դրված դերասանական խնդիրները կատարում է գերազանցապես:

Բացի վերը նշվածներից Աիդա Թորոսյանը նկարահանվել է «Մի առավոտ» հուզիչ կարճամետրաժ ֆիլմում` իր իսկ գրած սցենարի հիման վրա (ֆիլմը հասանելի է համացանցում), էպիզոդիկ դերով հանդես է եկել Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» կատակերգությունում, բեմադրել է «Մոխրոտը և հեքիաթի հերոսները» մանկական-երաժշտական ներկայացումը, որը շատ մեծ հաջողությամբ ներկայացվել է «Պետական Համազգային թատրոնի» դահլիճում, ինչպես նաև նկարահանվել է մեկ ամերիկյան կարճամետրաժ ֆիլմում:

Սովորելով «Սթեյջ 7» դերասանական ստուդիայում` ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի կուրսում, այժմ Աիդան իր ուսումը շարունակում է միանգամից երկու ամերիկյան հեղինակավոր դերասանական ստուդիաներում: Այսքանից հետո դժվար չէ ենթադրել, որ նրան մեծ ապագա է սպասվում:
Ի դեպ` Աիդա Թորոսյանը «Չներվածները» ֆիլմի ռեժիսոր և դերասան Տիգրան Նալչաջյանի կինն է: