Մենք պատրաստվում ենք մայիսի 1-ին մեկնել Ստոկհոլմ՝ մասնակցելու Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթներից մեկին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: 

«Ճիշտ է՝ սրտնեղած, կապված սահմանում իրավիճակի հետ, բայց մենք շատ մարտական ենք տրամադրված, ավելի քան մարտական, որովհետև կարծում ենք, որ սա ևս մեկ հիանալի առիթ է, որպեսզի մենք մեր ազգին հպարտանալու և ուրախանալու առիթ պարգևենք: Առիթ է, որպեսզի ողջ հայությունը համախմբվի մեկ գաղափարի շուրջ և, ամենակարևորը, դա առիթ է, որ 43-ից ավելի երկրներում 200 մլն հանդիսատեսի համար հնչի Հայաստանի անունը և մենք մեծ հույսեր ունենք, որ կհնչի ոչ մեկ անգամ ու կհնչի նաև բարձր հորիզոնականներում:  Ներդրել ենք մեր բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք հիանալի ելույթ ապահովել մեր երգչուհու համար»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Մրցույթի գեղեցկուհի մասնակցուհին նշում է. «Ես չէի սպասում, որ այսքան հավասարակշռված կլինեմ մրցույթի վերջին օրերին: Ես պատրաստ էի, որ իմ նյարդերի լարվածությունը կհասնի գագաթնակետին մեկնելուց առաջ, բայց բավական հավարասարակշռված ու շատ հանգիստ եմ, բացարձակ լարված չեմ ու դա ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի և միասնականության արդյունքն է, ինչպես նաև մեր ժողովրդի վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար անվերջ շնորհակալ եմ:
Մարդկանց վերաբերմունքը, ջերմությունը, սերը մարտական հագուստի պես կրելու եմ և բարձրանալու եմ բեմ, այնպես որ դուք ինձ հետ միասին եք լինելու բեմի վրա»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց նաև, որ Իվետան այն մարդկանցից է, ով գիտի մրցույթներին մասնակցել: «Նա իր կարիերան հենց մրցույթից է սկսել և այս առումով մենք հանգիստ ենք: Մնում է մեր կողքին լինեք հարգելի աշխարհասփյուռ հայություն»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ ունի երգչուհին և որ հորիզոնականը կզբաղեցնի, Իվետա Մուկուչյանը պատասխանեց. «Ինձանից կախված է միայն լավ ելույթ, մնացածը՝ թե ով որքան կքվեարկի, թե որքանով սփյուռքը մեր կողքին կլինի, դա արդեն իմ ձեռքերում չէ: Ես միայն կարող եմ մաքսիմալ լավ պատրաստվել, ինչը արդեն 2 ամիս է անում ենք, և այս փորձը տալիս է ինքնավստահություն և ի վերջո, հուսանք, շատ լավ արդյունք: Ես անում եմ այն ամենը ինչը կախված է արտիստից:

Իսկ Գոհար գասպարյանը հայտնեց նաև, որ Lovewave նախագիծն այնքան է ոգևորել, որ մոտ օրերս, կթողարկվի նաև դրա cover տարբերակը: «Այն մի քիչ ավելի գժական, ազատ ոճի մեջ է, բավական ուրիշ մոտեցմամբ: Բացի սրանից կունենանք նաև երգի ռեմիքս տարբերակ»,- մանրամասնեց Իվետան:

Գեղեցկուհին նշեց, որ Գերմանիայի կողմից նույնպես բավական աջակցություն է ստացել: «Գերմանիայում բավական սրտացավ են մոտենում և համարում են, որ այս տարի երկու մասնակից ունեն: Ես Համբուրգ քաղաքից եմ և միշտ ասում են՝ մեր Համբուրգի աղջիկը օգնում է Հայաստանին՝ իր երկրին և բավական շատ են անդրադառնում ինձ»»:

YN.am-ը հաջողություն է մաղթում Իվետա Մուկուչյանին և նրա թիմին՝ մաղթելով հաղթանակ: