Սեռական դաստիարակության կարևոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը և անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը: Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի մասին տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար առաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ, սարսափեցնող երևույթ:

Հիգիենան դաշտանի ընթացքում

Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր 10-11 տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենա պահպանել և հիգիենիկ պահանջները իմանալ: Չնայած դաշտանը ֆիզիոլոգիական օրինաչափ երևույթ է, որ վաղ թե ուշ լինում է բոլոր աղջիկների մոտ, օրգանիզմի համար լուրջ փորձություն է: Այսպես, դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ցնցուղի տակ լողանալ կամ հիգիենիկ լվացումներ կատարել: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանզի կա վարակի անցման վտանգ արգանդի խոռոչ, որը շատ զգայուն է տարբեր տեսակի ախտածին մանրէների նկատմամբ:

Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման, սակայն դեռահասներին բավական երկար ժամանակ տհաճություն են պատճառում: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և այսպես կոչված, պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ:

Հիգիենան սեռահասունացման ընթացքում

Ոմանք պնդում են, թե սեռական կյանքի ընթացքում կյանքի ընթացքում պզուկները նվազում կամ անհետանում են: Դա, իհարկե, սխալ կարծիք է: Ավելի լավ է օգտվել հատուկ օճառահեղուկներից, հաճախակի լվացվել, օգտագործել համապատասխան միջոցներ և հաճախակի փոխել սպիտակեղենը:

Պահպանե՛ք մաքրություն և ամեն ինչ լավ կլինի: