Նոյեմբերի 10-ին, կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի մեծ պրեմիերան, որի առաջին հանդիսատեսն էին ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, լրագրողները, կինոյի և թատրոնի աշխատակիցները և բազմաթիվ հայտնիներ։ Հանդիսատեսն այն կարող է դիտել նոյեմբերի 18-ից։

YN.am-ը ( Yerevan News – Երևան Նյուզ լրատվական կայք ) ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային և զրուցել ներկաներից մի քանիսի հետ: 

Ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո հանդիսատեսի աչքերին արցունքներ էին: Մենք զրուցեցինք ֆիլմից ամենատպավորված և հուզված Լուսինե Բադալյանի հետ՝ խնդրելով պատմել իր տպավորությունների մասին:

«Ուժեղ ֆիլմ էր, չենք կարող ասել, որ թույլ ֆիլմ էր: Խիստ կասկածում եմ, որ այս ֆիլմն ինչ-որ մեկին անտարբեր թողնի և՛ լավ, և՛ վատ իմաստով: Կարծում եմ, որ ֆիլմի սցենարային հատվածները որոշ դեպքերում կարող են առաջացնել բացասական վերաբերմունք, կամ կարող է ինչ-որ մեկը համաձայնվել, մյուսը՝ ոչ: Պարզապես, երբ այն դիտես որպես փաստագրական աշխատանք, որը պարտավոր է ամբողջությամբ արտացոլել իրականությունը, այդ դեպքում կարող ես վիճել քննարկել, բայց եթե նայես որպես գեղարվեստական ֆիլմ, որին որպես ֆոն ծառայել է այն, ինչը մենք ապրել ենք և որի ընթացքում ներկայացվում են շատ ճշգրիտ տվյալներ ու իրավիճակներ, ես կարծում եմ, որ այդ առումով ֆիլմը ստացված է: 

Մյուս տեսանկյունից, այդ հատվածը՝ մանր-մունր գողություններ անողների... լսել ենք բոլորս էլ, որ նման բաներ եղել են, բայց չկարողացա պատկերացնել, որ այդ ծանր իրավիճակում ինչ-որ մեկը կտեսնի, որ մարդ են փրկում ու վնասի փրկողներին: Այ, դրա հետ մի փոքր համաձայն չեմ և թերևս միակ բանն է, որի հետ համաձայն չեմ: Ազդեցիկ էր դերասանների խաղը, հատկապես երեխայի մոր խաղն ինձ համար շատ ազդեցիկ էր»,- ասաց նա:

Պատասխանելով Օսկար մրցանակաբաշխության հետ կապված իրադարձությունների մասին մեր հարցին, Լուսինեն ասաց. «Կարծում եմ, ամեն դեպքում արժեր, որովհետև այլ բան է, երբ ֆիլմը արտասահմանցին է դիտում, ուրիշ է, երբ մենք ենք դիտում, քանի որ մենք լրիվ ուրիշ աչքերով ենք դիտում. մեզ համար այդ ցավը շատ թարմ է: Մենք միշտ փորձում ենք ամեն ինչին ուրիշ աչքերով նայել, ուրիշ կերպ ենք ընկալում: Ես, երբ ֆիլմը դիտում էի, փորձում էի հիշել, թե մեկ էլ, որ ֆիլմի ժամանակ եմ այսքան լացել... հիշեցի «Անհնարինը» ֆիլմը. երբ ես այն նայում եմ, որպես մարդ, ով տեղյակ չէ այդ արհավիրքից, ես այն ուրիշ կերպ եմ ընկալում: Միգուցե տեղի բնակիչներն ասեն՝ գիտեք, այսպիսի բան չի եղել, այնպիսի բան եղել է, բայց ես ուրիշ կերպ եմ այն ընկալում: Նույնը «Երկրաշարժ» ֆիլմն է արտասահմանցու համար: Այդ առումով, ես շատ կողմ էի և մտածում եմ, որ արժեր, որ ֆիլմը միջազգային ասպարեզ դուրս գար»: