«Չեմ կարծում՝ ինչ-որ բանով տարբերվում էր այս տարին: Այս տարին ծանր էր, ինչպես վերջին մի քանի տարիները: Այս տարվանից մեզ, որպես հիշողություն, կմնա ամառը, որտեղ ժողովրդի մի հատվածը փորձեց իր ձայնը բարձրացնել երկու կողմերով՝ տարբեր հետևանքներով և տարբեր յուրահատկություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով 2016-ը, նշեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Նա նշեց, որ սպասումներ չունի 2017-ից, կտրուկ փոփոխություններ չեն լինի. «Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ իր բնականոն կոնկրետ նախագծված հունով է ընթանալու: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում և ոչ մի փոփոխության՝ ոչ լավ, ոչ էլ վատ, չեմ սպասում»:

«Փոփոխություններ վաղ թե ուշ տեղի կունենան: Բնականոն ընթացք է: Մարդկային էությունն այնպիսին է, որ բոլորս ուզում ենք ամեն ինչ՝ հատկապես լավ բաները հենց այստեղ և հենց հիմա տեղի ունենան: Բայց եթե ուշադրություն դարձնենք զարգացած երկրների անցած ճանապարհին՝ մինչև զարգացած դառնալը, բնականաբար, տասնյակ տարիների այսպիսի փուլեր են եղել, մինչև կամ ինչ-որ բան փոխվել է դեպի լավը, կամ ժամանակի ընթացքում աստիճանաբար փոփոխվելով՝ հասել են հաջողության: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մենք գնում ենք երկրորդ ճանապարհով, այսինքն՝ կամաց- կամաց ինչ-որ բաներ փոխելու, և ես չեմ կարծում՝ դա վատ է, բայց սա մեր առողջության, նյարդերի հաշվին է: Ասել, որ ամեն ինչ շատ վատ է, և ոչինչ չի փոխվել՝ դա էլ ճիշտ չէ, այսպես կամաց- կամաց ինչ-որ բաներ փոխվելու են, ուղղակի մեր սերնդի ուսերին է ընկել անցումային շրջանի ամբողջ պատասխանատվությունը և բեռը: Հետևաբար մեզ պետք է մի քիչ ողջամտություն, որ կարողանանք ամեն մեկս մեր բնագավառում ինչ-որ բան դեպի լավը փոխել»,- ասաց նա: