Փետրվարի 22-ին և 29-ին Դրամատիկական թատրոնի բեմում կրկին կլինի «Կենտ զույգը» ներկայացումը: Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանն այն կխաղան որոշակի տարաձայնություններից հետո: Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում Սոսը խոսել է տարաձայնության պատճառների, իր հույզերի, Արմանի հետ ներկայիս հարաբերությունների, ինչպես նաև՝ բաժանումից հետո իր էմոցիաների մասին, որոնք արտահայտված են «Կենտ զույգում»:

-Սոս, տևական դադարից հետո կրկին խաղալու եք «Կենտ զույգը ներկայացումը: Գիտեմ, որ այս դադարը հարթ չի անցել. քո և Արման Նշանյանի միջև որոշակի տարաձայնություններ են եղել՝ կապված նրա՝ ներկայացումն ԱՄՆ-ում դերասանական նոր կազմով բեմադրելու հետ: Ինչպե՞ս հարթեցիք խնդիրները:

-Փոքրիկ տարաձայնություններ եղան, քանի որ 4 տարի առաջ, երբ սկսում էինք ներկայացման աշխատանքները, իմ ակնկալիքն էր՝ այն խաղալ ԱՄՆ-ում, ներկայանալ Ամերիկայի հանդիսատեսին, Արմանի ակնկալիքն էր՝ խաղալ էստեղ, քանի որ նոր էր եկել Հայաստան: Յուրաքանչյուրս ուզում էինք շփվել մեզ համար նոր հանդիսատեսի հետ: Փաստորեն, իր ակնկալիքներն արդարացան, իմը՝ ոչ, առաջացան շահերի բախում: Ես ավելի հուզական մակարդակով ընկալեցի հարցը, սակայն, ի վերջո, հասուն մարդու պես հասկացա, որ նա մեղավոր չէ, պարզապես ԱՄՆ գնալու թղթաբանությունը չստացվեց: Հասկացա, որ աշխատանքում հույզերը պետք է բացակայեն: Արմանը իր ուժերի ներածին չափով ամեն բան արել էր, որ ներկայանայինք ԱՄՆ-ում, բայց չէր ստացվել:

Երբ Արմանը վերադարձավ Հայաստան, մեր պրոդյուսեր Արման Միտոյանն ասաց, որ բոլորը՝ ինքը, Արման Նշանյանը, Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը և երկու քույրիկները՝ Լյուսին և Մարիամը, ցանկություն ունեն վերականգնելու ներկայացումը: Քանի որ շատ եմ այս ներկայացումն ու դերասանական կազմին, դա ընդունեցի որպես գործնական առաջարկ, պրոդյուսերական անձնակազմի հետ եկա փոխշահավետ համաձայնության ու վերականգնեցինք «Կենտ զույգը»:

-Դու և Արմանը նաև ընկերներ էիք, հարաբերությունները տուժե՞լ են:

-Իհարկե, ոչ: Մեր ընկերության մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ընկերություն ենք արել, հիմա նաև աշխատում ենք իրար հետ: Հիմա մի քանի լավ ընկերներով կրկին անում ենք ներկայացվում: Ինձ համար առաջին հերթին ընկերությունը դարձավ շարժառիթ, որ կրկին աշխատենք միասին:

Նյութի աղբյուրը՝ Tert.am