Իմ 40 տարվա պրակտիկայի ընթացքում առաջին անգամ եմ նման դեպքի առնչվում, այսօր «Էրեբունի» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հնգյակի ծնունդն ընդունած բժիշկ, «Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

«Իմ պրակտիկայում հնգյակի առաջին դեպքն է: Եռյակներ եմ ունեցել, քառյակներ, բայց հնգյակ` առաջին անգամ: Երեխաները ծնվել են կեսարյան հատումով», - ասաց Անդրանիկ Պողոսյանը` նշելով, որ նման ծնունդների դեպքում չի կարելի ասել, որ երեխաների վիճակը գերազանց է:

«Գերազանց է արդեն այնքանով, որ իրենք բոլորը ողջ ծնվեցին», - բացատրեց Անդրանիկ Պողոսյանը:

Նա նշեց, որ ծննդաբերությունից 1 ամիս առաջ հնգյակի մայրը` Լուսինե Պողոսյանը, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որպեսզի անընդհատ լինի բժշկական հսկողության տակ:

«Պետք էր հետևել, որ պտուղները հասունան: 28 շաբաթականը մաքսիմալն էր, որ կարողացանք հասցնել», - բացատրեց բժիշկը:

Կեսարյան հատման ընթացքի մասին պատմելիս 40 տարվա բժիշկը չի կարողանում զսպել հուզմունքը.

«Ինձ համար էլ իսկապես հուզիչ էր: Մտածում էի` ամեն մեկին ո՞նց պետք է հանում: Սկսվեց աղջկանից, հետո էլի աղջիկ, երրորդը` տղա դուրս եկավ ու ևս երկու աղջիկ. փորձում էի հաշիվը չկորցնել», - կատակելով պատմեց Անդրանիկ Պողոսյանը:

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ ամենամեծ քաշն ունեցել է տղան` 880 գրամ, իսկ ամենափոքրը` աղջիկներից մեկը՝ 600 գրամ:

«Երեխաները դեռահաս են ու մենք դեռ շատ ջանք պետք է կիրառենք, մեզ ժամանակ է պետք, որ երեխաները լավանան, մեծանան: Մոտավորապես կպահանջվի 2 ամիս բուժօգնություն», - ասաց Միքայել Մանուկյանն` ընդգծելով.

«Բացառիկ է, որ հնգյակով հղիությունը եղել է բնական ճանապարհով»:

Հնգյակի ծնողներն ու հարազատները լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեցին բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` հղիության ողջ ընթացքում հետևելու ու ծննդօգնության համար: Հատուկ նշեցին նաև բժիշկ Դավիթ Աբովյանի անունն, ով Լուսինեին հետևել է հղիության ողջ ընթացքում: