Օրական որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել: ԱՄՆ Մինեսոթայի նահանգի Մայոյի կլինիկային առընթեր բժշկական հետազոտական կենտրոնի փորձագետները պարզել են, որ տղամարդիկ օրական պետք է օգտագործեն 13 բաժակ ջուր, իսկ կանանց համար բավական է 9 բաժակը: Սակայն սա միջինվիճակագրական հաշվարկ է, իսկ յուրաքանչյուր մարդու օրգանիզմն անհատական է, եւ կոնկրետ մարդուն անհրաժեշտ ջրի ճշգրիտ քանակը կարելի է հաշվարկել պարզ բանաձեւով:

Ձեր քաշը բաժանեք 2,2-ի, ստացած թիվը բազմապատկեք սեփական տարիքին, այս թիվը բաժանեք 28,3-ի, եւ արդյունքում կստանաք հատկապես ձեզ անհրաժեշտ ջրի ճշգրիտ քանակը: Այս թիվն էլ 8-ի բաժանելով կստանաք բաժակներում ջրի անհրաժեշտ ծավալը: Քանի որ բանաձեւը մշակել են ամերիկացի գիտնականները, քաշն անհրաժեշտ է չափել ֆունտերով, իսկ օգտագործվող ջրի քանակը ստանալ ունցիաներով: Հիշեցնենք, որ մեկ ֆունտը հավասար է 450 գրամի, իսկ մեկ ունցիան` 28,35 գրամի:

Անհրաժեշտ է նաեւ հիշել, որ եթե դուք սպորտով եք զբաղվում, օրգանիզմը ավելի շատ ջրի կարիք ունի` քրտինքով արտազատվող հեղուկը փոխարինելու համար: Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջից հայտնում են, որ մարզիկները պետք է լրացուցիչ 340 մլ ջուր խմեն մարզումների յուրաքանչյուր 30 րոպեն մեկ:

Դրանից բացի, մեծ դերակատարում ունի նաեւ սննդակարգը, որն օգնում է պահպանել խոնավության մակարդակը: Եթե օգտագործում եք ջրի մեծ քանակով մթերքներ` ձմերուկ, վարունգ եւ նեխուր, ապա դա օգնում է օրգանիզմից տոքսինները հեռացնելուն: Իսկ ահա աղի սնունդի օգտագործումն օրգանիզմի վրա հակադարձ ազդեցություն է ունենում` ավելի շատ ջուր սպառելով օգտագործված նատրիումը տարրալուծելու համար, որի հետեւանքով մենք հաճախ փքվածության զգացում ենք ունենում: