Իրինա Հարությունյանը չի բացառում, որ հնարավոր է՝ ներկայանա նաեւ որպես դերասանուհի: Այս մասին երգչուհին ասել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Նա անդրադարձել է նաեւ իրեն քննադատողներին, ապագա ծրագրերին, ինչպես նաև՝ անձնական կյանքին:

Իրինա, ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին դեպի երաժշտական ասպարեզ: Ո՞ր տարիքում հասկացաք, որ երգը կարևոր է լինելու Ձեր կյանքում:

Շատ վաղ հասակից: Հիշում եմ՝ մանկապարտեզի միջոցառումներին մասնակցությունս եղել է միայն երգի տեսքով, այն էլ՝ որպես մենակատար: Անցումը դեպի բեմ աստիճանաբար է եղել, այնպես սահուն, որ կոնկրետ տարիք չեմ էլ կարող նշել:

 Հանդիսատեսը Ձեզ ճանաչում է նաև որպես դերասանուհի: Եղե՞լ են դժվարություններ այդ ասպարեզում և կա՞ն արդյոք նոր առաջարկներ:

Առաջարկներ կան, որոնք դեռ քննարկման փուլում են: Չի բացառվում, որ մոտ ապագայում կրկին հանդես գամ որպես դերասանուհի:

Ձեր երգերը նպատակաուղղված են հանդիսատեսի պահանջների բավարարմա՞նը, թե՞ երգում եք այն, ինչ Ձեզ դուր է գալիս: Ի՞նչ եք կարծում, հասարակությու՞նն է հարմարվում երգչի ճաշակին, թե՞ հակառակը:

 Ես միշտ փորձում եմ գտնել ոսկե միջինը, որպեսզի և՛ հանդիսատեսին դուր գա, և՛ լինի իմ սրտով. երգը, որը ես եմ ներկայացնում, պետք է լինի իմ ճաշակով: Ամեն դեպքում, ունկնդիրն է ընտրում, թե ում երգերը լսի: Ունեմ իմլսարանը, կարծում եմ՝ սիրված եմ: Հուսով եմ՝ հետագա գործունեությանս շրջանակը ավելի լայն լսարան կընդգրկի:

Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին: Վատ մեկնաբանությունները կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ Ձեր հետագա գործունեության վրա:

 Վատ մեկնաբանություններին վերաբերմունքս առհասարակ չեզոք է: Ավելին, երբ տեսնում եմ, որ դրանք միտված են վիրավորելու և պարզապես չարախոսելու, նույնիսկ ինձ լավ եմ զգում այն առումով, որ կարողացել եմ շարժել ոմանց նախանձը: Իսկ ադեկվատ քննադատություններն ընդունում եմ որպես կարծիք, տեսակետ և շատ նորմալ եմ վերաբերվում: Ճիշտ է ասված, որ առաջ գնալու միակ ճանապարհը ինքնաքննադատությունն է:

Վերջերս եք վերադարձել բեմ երկար դադարից հետո: Հասցնու՞մ եք բավարար ժամանակ տրամադրել Ձեր երեխաներին:

Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել բալիկներիս, դեռ բողոքներ չկան : Կարծում եմ՝ դա ինձ հաջողվում է:

Վերջերս համագործակցեցիք դերասան-երգիչ Գոռ Հակոբյանի հետ: Ու՞մ կողմից եղավ առաջարկը և կա՞ն նոր համագործակցության առաջարկներ:

 Գոռի հետ համագործակցության միտքը ծնվել է անսպասելի, ընկերական հանդիպման ժամանակ, միասին ենք որոշել: Համագործակցությունը շարունակելու մասին դեռ չենք մտածել:

Ո՞րն է ընտանեկան երջանկության գաղտնիքը: Երջանի՞կ է, արդյոք, Իրինա Հարությունյանը անձնական կյանքում, թե՞ Ձեր սիրտը դեռ ազատ թռիչքի մեջ է :

Ընտանեկան երջանկության հիմքում առաջնահերթ ընկած են սերը, հարգանքը, փոխադարձ վստահությունը: Ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ ունեմ հրաշալի երեխաներ, սիրված աշխատանք, նվիրված ընկերներ, իսկ սիրտս ազատ թռիչքի մեջ է՝ անեության թմբիրում:

 Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE