Վերջերս պարբերաբար խոսվում է մի նախագծի մասին, որը հայկական հեռուստաեթերում հասցրել է սպասում առաջացնել, քանի որ մանկական է, իսկ մանկական եթերաժամի պակաս մեր հեռուստատեսությունը վստահաբար ունի: Խոսքը «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլի մասին է, որի նկարահանումներն արդեն ավարտվել են, սակայն նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս փետրվարից: Այն միաժամանակ և՛ կոմեդիա է, և՛ կրում է հսկայական կրթադաստիարակչական նշանակություն: Նախագծի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, սցենարը 4 համահեղինակների է պատկանում, երաժշտական պրոդյուսերը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Գրիգոր Նազարյանը:

«Լինելով իր տեսակի մեջ առաջինը՝ մենք քաջ գիտակցում ենք աճող սերնդի աշխարհայացքի ու արժեհամակարգի ձևավորման վրա ֆիլմի ունեցած հնարավոր ազդեցությունը, այդ իսկ պատճառով այս նախագծին մոտենում ենք էլ առավել պատասխանատու կերպ՝ փորձելով յուրաքանչյուր մասում հումորի և երաժշտության հետ համատեղել նաև դաստիարակչական նոտա: Ազնվություն, բարություն, ընկերասիրություն, հայրենասիրություն. նման որակներ կփորձեն մեր հերոսները փոխանցել իրենց հասակակիցներին»,- Yerevannews.am-ի հետ զրույցում ասաց նախագծի կրեատիվ պրոդյուսեր Ջեյմս Նազարյանը :

Հեղինակները հուսով են, որ ֆիլմը կնպաստի երեխաների մոտ երաժշտության հանդեպ սիրո ձևավորմանը, իսկ էկրանից այն կողմ երևացող տարիքակիցների ազնիվ, բարի ու ընկերասեր արարքները վարակիչ օրինակ կծառայեն նրանց:
Նախագծի էական առանձնահատկություններից մեկն էլ նրանում է, որ այն չի հանդիսանում փոխառված կամ ադապտացված արտասահմանյան ձևաչափ: «Նվագախմբի երեխաներ» մյուզիքլի մտահղացումը, կերպարների բնութագիրն ու սյուժեն ամբողջությամբ պատկանում են հեղինակներին: Նկարահանումները տևել են շուրջ երկու ամիս: «Նվագախմբի» երեխաները եթերում կլինեն շուտով՝ աշնան նոր եթերաշրջանում: Հավելենք նաև, որ նախագիծն իրականացնում են «ArmStar» և «Ucom» ընկերությունները: Հեռուստաֆիլմը ցուցադրվելու է Արմենիա Պրեմիումի եթերում: