«Արմենիա հեռուստաընկերության եթերում շաբաթ օրը՝ ժամը 18:30, մեկնարկում է «Եթերի թագուհի» նոր ռեալիթի հեռուստանախագիծը: Նախագիծն արվում է My Yoga կենտրոնի և Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ։ Այն բացառապես կապված է առողջության, կանանց ապրելաոճի, բարեկեցության, հասարակության մեջ ունեցած դերի հետ: Հաղորդման հեղինակը Հովհաննես Թովմասյանն է, պրոդյուսերները՝ Զարուհի Պետրոսյանը և Հովհաննես Թովմասյանը։

«Նախագծի ընթացքում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել, ավելի քան երեսուն մասնագետ՝ դիետոլոգներ, բժիշկներ, հոգեբաններ, մարզիչներ, կոսմետոլոգներ, պլաստիկ վիրաբույժներ, ընդհուպ մինչև լինգվիստներ, էթիկայի և էսթետիկայի մասնագետներ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ, համապրոդյուսեր Հովհաննես Թովմասյանը:

Նախագծում ընդգրված են բացառապես այնպիսի կանայք, ովքեր խնդիր ունեն հասարակության մեջ իրենց տեղը գտնելու և իրենց լիարժեք անդամ զգալու: Հեռուստադիտողը կտեսնի թեժ պայքար վերջնագծին հասնելու համար, դժվար մարզումներ, բժշկական միջամտություն, անհրաժեշտության դեպքում՝ պլաստիկ միջամտություն. «Մենք նախագծում չենք ներգրավել կանանց, ովքեր ապահովված են, բայց զլանում են զբաղվել իրենց առողջությամբ: Ներգրավել ենք այն կանանց և աղջիկներին, ովքեր չունեն հնարավորություն մարզվելու և հնարավոր է՝ ունեն ցածր ինքնագնահատական: Մինչ նախագծի նկարահանումները մասնակիցները հաճախել են մասնագետների մոտ, բժիշկները նրանց հետազոտել են, պարզել նրանց խնդիրները: Իսկ այս ամենի հիմքում յոգան է, քանի որ յոգայի միջոցով են գտնում իրենց ներդաշնակությունը»:

Հովհաննեսը նշում է, որ «Եթերի թագուհի» նախագծի ստեղծման միտումը նաև այն է, որ այն ժամանակահատվածը, որ կանայք անցկացնում են հեռուստացույցի առաջ հնդկական սերիալներ դիտելով, տրամադրեն իրենց համար օգուտ քաղելուն:

«Հաղորդումը, միանշանակ, ունենալու է հաղթող։ Այն անձնավորությունը, ով մեծ կամքի ուժ կդրսևորի և ամբողջ փուլը կանցնի առանց որևէ զիջումների, կարժանանա «Եթերի թագուհի» տիտղոսին, և նրան հնարավորություն կընձեռվի աշխատել հեռուստատեսությունում ու լինել հաղորդավար: Կարծում եմ՝ նման փուլեր անցնելուց հետո մարդն արժանի է երևալ բոլորի աչքին, որպեսզի օրինակ լինի շատերի համար»,- եզրափակեց Հովհաննեսը։