Համացանցից ունեցած կախվածությունը բժշկական չափանիշներով հոգեկան խանգարում է համարվում, սակայն դա բավականին լուրջ սոցիալական խնդիր է։ Համացանցից ունեցած կախվածություն ասելով՝ սովորաբար նկատի են ունենում համացանցին միանալու անզուսպ ցանկությունը եւ դրանից անջատվելու անկարողությունը։

Ինտերնետ կախվածության նախանշանների մասին լրագրողների հետ խոսել է հոգեբան Անի Ապիտոնյանը։

Եթե մարդը համացանցում օրական ավելի քան 6 ժամ է անցկացնում՝ աշխատանքը չհաշված, դա արդեն ինտերնետից ունեցած կախվածության մասին է վկայում։

Ժամանակի հետ մարդը սկսում է ինտերնետում ավելի ու ավելի երկար ժամանակ անցկացնել։

Եթե նման մարդը համացանցում չէ, նրան թվում է, թե առանց իրեն այնտեղ ինչ–որ հետաքրքիր բան է կատարվում։

Օրվա ընթացքում նման մարդու մտքերը պտտվում են ինտերնետի եւ սոցցանցերի մասին։

Եթե նա չի կարողանում համացանցին միանալ, նյարդային է դառնում եւ մեկուսանում է շրջապատի մարդկանցից։

Որպես կանոն՝ ինտերնետից կախվածություն ունեցող մարդիկ չեն գիտակցում, որ նման կախվածություն ունեն։ Նրանք վստահ են, որ ցանկացած պահի կարող են կանգ առնել եւ դուրս գալ ինտերնետից։

Հոգեբանի խոսքով՝ ցանկացած կախվածությունից ազատվելը շատ բարդ է, եւ քչերին է հաջողվում դա անել առանց մասնագետի օգնության։ Այդ պատճառով եթե մարդն ամեն դեպքում գիտակցել է, որ իր կամ իր մտերիմներից մեկի մոտ կախվածություն կա, նա պետք է դիմի մասնագետի, որը կարող է օգնել։