«Հմայքի գաղտնիքներ» խորագրում պարզապես չէինք կարող չանդրադառնալ մի դերասանուհու, որը վերջին տարիներին հայկական եթերի ամենապահանջված եւ վառ դեմքերից է։ Խոսքն Ադրիանա Գալստյանի մասին է, որն աչքի է ընկնում ոչ միայն յուրահատուկ ճաշակով, այլեւ նրբակազմությամբ։ Գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքներով դերասանուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ։

 

«Եթե աշխատանքս չի սկսվում վաղ առավոտյան, արթնանալուց հետո նախավարժանք եմ անում՝ մոտ 15 րոպե, հետո նոր անցնում եմ նախաճաշին։ Եթե ցերեկն աշխատանքի մեջ եմ լինում, ցավոք, ֆասթ ֆուդով եմ սնվում, իսկ եթե տանն եմ լինում, որեւէ բան ինքս եմ պատրաստում։ Ի դեպ, ախորժակս երեկոյան է ավելի բացվում, եւ առանց սահմանափակումների ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»,-ասում է դերասանուհին, որն այնքան էլ կողմ չէ դիետաներին․

«Չգիտեմ՝ դա կարելի է անվանել դիետա, թե ոչ, բայց ուտելու ընթացքում ջուր չեմ խմում, դա անում եմ ուտելուց 40 րոպե առաջ կամ հետո։ Իսկ քնելու ռեժիմս արդեն խախտել եմ, որովհետեւ աշխատանքի բերումով չեմ կարողանում շուտ քնել»։

 

Նրբակազմությունը պահպանելու համար Ադրիանան իր սննդակարգից շատ ուտեստներ չի բացառում, այնուամենայնիվ, կան բաներ, որոնք չի օգտագործում․

«Սննդակարգիցս բացառում եմ գազավորված ըմպելիքները։ Հանգիստ ուտում եմ քաղցրավենիք, հաց, որովհետեւ օրգանիզմին ամեն ինչ էլ պետք է»,-համոզված է նա։ Դերասանուհին, որը ժամանակին զբաղվել է սպորտով, եկել է մի եզրակացության․

«Սպորտով զբաղվել եմ 6 ամիս առաջ՝ շաբաթը 3 անգամ մարզասրահ էի հաճախում, բայց հետո հասկացա, երբ գնում ես մարզասրահ, եւ ինչ-որ մկան ձգելով փորձում ես նիհարել, դա շատ սխալ է, ավելի ճիշտ է ուղղակի ճիշտ ժամին սնվել, այսինքն՝ գիշերվա ժամերին ծանր բաներ չուտել, իսկ առավոտյան նախավարժանք անել։ Դա կարելի է անել անգամ տանը։ Իսկ երբ գնում ես մարզասրահ, հետո թողնում ես մարզումներդ, ավելի վատ է լինում»։

 

Ադրիանան կարծում է․ «Կնոջն իրեն գեղեցիկ զգալու համար անհրաժեշտ է լավ տրամադրություն, ինչն արդեն ինքը պետք է հասկանա, թե ինչպես ստեղծել։ Որքան էլ կինը լինի նիհարակազմ, հագնի ամենագեղեցիկ զգեստները, ունենա ամենագեղեցիկ դիմահարդարումը, ինքն իրեն գեղեցիկ չի զգա, եթե չունենա բարձր տրամադրություն։ Խորհուրդ եմ տալիս չպահել դիետա եւ լինել ինքնավստահ, որովհետեւ մենք բոլորս շատ գեղեցիկ ենք, պարզապես պետք է սովորել գեղեցկությունը ճիշտ մատուցել։ Տգեղ մարդ չկա։ Բոլոր մարդիկ էլ շատ գեղեցիկ են, պարզապես պետք է գտնես քո գեղեցկության գրավականը եւ դա ճիշտ ձեւով ցույց տաս»։