2013 թ-ին նա նկարահանվեց ռուսական հայտնի «Лестница в Небеса» հեռուստասերիալում՝ գրավելով ոչ միայն ռուս, այլեւ հայ հանդիսատեսի սրտերը: 25-ամյա հայ դերասանն այսօր ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ տղամարդկանցից է համարվում: Նրա մասնակցությամբ վերջին ամենաքննարկված նախագիծը Աննա Սեդոկովայի «Не Твоя Вина» տեսահոլովակն է, որից հետո դերասանին սկսեցին սիրավեպ վերագրել «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհու հետ: NEWS.am STYLE-ը Միքայել Արամյանին հանդիպեց Red Carpet ամսագրի շնորհանդեսին: Դերասանն իրեն հատուկ անմիջականությամբ խոսեց իր անվան շուրջ հյուսված բամբասանքների, Հայաստան կատարած այցի եւ իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին:

 «Ամեն տարի երկու-երեք անգամ գալիս եմ Հայաստան, այստեղ հայրս է ապրում, այնպես որ՝ հաճախ եմ գնում-գալիս: Առաջին հերթին հայաստանյան այցս կապված է Red Carpet ամսագրի շնորհանդեսի հետ, որի շապիկին ես եմ: Բայց քանի որ տարվա ընթացքում երեք այցելությունը ինձ համար բավարար չէ, փորձում եմ ժամանակ հատկացնել նաեւ մյուս գործերիս»,-ասում է դերասանը, որը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Երեւանում ամենասիրված վայրերց մեկը «Կասկադն» է, որովհետեւ դրա հետ կապված շատ հուշեր ունի: NEWS.am STYLE-ն էլ փորձեց պարզել՝ ի՞նչ հուշեր են դրանք.

 «Այո, իսկապես, շատ հուշեր կան կապված «Կասկադի» հետ, սակայն դրանցից ոչ բոլորի մասին կարող եմ բարձրաձայնել (ծիծաղում է): Դե, դրանք բոլորն էլ լավ հուշեր են իրականում, դրա համար էլ դրանք բարձր եմ գնահատում, պարզապես այն ինձ համար ուրիշ նշանակություն ունի»:

Իր նախորդ այցելության ժամանակ դերասանը զբաղված էր ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովի «Армен и Я» ֆիլմի նկարահանումներով, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին: Նրանից հետաքրքրվեցինք՝ երբ է ֆիլմը լինելու մեծ էկրաններին.

«Հուսով եմ՝ «Армен и Я» ֆիլմի պրեմիերան կկայանա ձմռանը: Ես պրոդյուսերը չեմ, հստակ տեղեկություն չեմ կարող տրամադրել, բայց ուզում եմ հավատալ, որ շուտով այն կլինի էկրաններին»,-նշեց Միքայելը, որը վերջերս Միլանում նկարահանվել է ռուս հայտնի երգիչ Դմիտրի Մալիկովի նոր տեսահոլովակում: Մինչ այն հասանելի կլինի երաժշտասերներին, դերասանի հետ խոսեցինք նաեւ Աննա Սեդոկովայի «Не Твоя Вина» տեսահոլովակի եւ դրա շուրջ ստեղծված քննարկումների մասին.

 «Դե, ես այնքան էլ սկանդալային չեմ համարում այդ տեսահոլովակը: Պարզապես մարդիկ սիրում են սիրավեպեր վերագրել դերասաններին: Հերիք է՝ մեկի հետ դուրս գաս մի տեղ, եւ անմիջապես քեզ նոր սիրավեպ կվերագրեն: Իհարկե, մեր սիրավեպի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

 Ես շատ եմ սիրում ու հարգում Աննային, նա արժանի է լավագույնին, քանի որ շատ աշխատասեր երգչուհի է, հրաշալի ու տաղանդավոր արտիստ, բայց այն խոսակցությունները, թե մեր հարաբերություններն ընկերականից այլ փուլ են անցել, սուտ են»,-նշեց Միքայելը՝ անդրադառնալով նաեւ Սարիկ Անդրեասյանի «Любовь в городе Ангелов» ֆիլմին եւ այնտեղի իր խաղընկերուհուն՝ Նատալիա Ռուդովային.

 ««Любовь в городе Ангелов» ֆիլմի նկարահանումներն իմ կյանքում ամենահիշարժաններից են եղել: Դեռ երբեք այդքան մեծ հաճույք չէի ստացել նկարահանումներից, որքան այդ ժամանակ: Խաղընկերուհիս Նատալիա Ռուդովան է, որի հետ էլ բազմիցս սիրավեպ են վերագրել: Նույնիսկ, ասում էին՝ ինչ վատ ընկերուհիներ են Սեդոկովան ու Ռուդովան, միմյանցից փախցնում են (ծիծաղում է): Այդ ամենը սուտ է: Մենք ուղղակի կոլեգաներ ենք, որոնք միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք են տածում»:

 «Лестница в Небеса» հեռուստասերիալի աստղից հետաքրքրվեցինք՝ արդյոք երբեւէ կհամաձայնվի՞ նկարահանվել նաեւ հայկական սերիալներում.

«Կախված է, թե ինչ հեռուստասերիալ եւ նկարահանման ինչ պայմաններ կլինեն: Ես այդքան չեմ խոսում ֆինանսական կողմի մասին: Իմ վերջին հարցազրույցներից մեկում նշել էի, որ բավականին սուր եմ վերաբերվում այդ հարցերին: Ես, ուղղակի, չեմ ցանկանում ինչ-որ բանի մասին վատ արտահայտվել, պարզապես ուզում եմ ավելի լավը տեսնել: Եթե առաջարկը հետաքրքիր լինի, եթե տեսնեմ, որ ընկերությունը միայն կոմերցիոն հետաքրքրվածություն չի ցուցաբերում նախագծի հանդեպ, այլ կա նաեւ ստեղծագործական խանդավառություն, եթե ամեն ինչ որակով ու հետաքրքիր լինի, իհարկե, մեծ սիրով կհամաձայնվեմ նկարահանվել: Էլի եմ կրկնում, որ միայն գումարը նշանակություն չի ունենա: Բայց դեռեւս այդպիսի առաջարկների չեմ հանդիպել: Առհասարակ, Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան, նկատի չունեմ միայն դերասաններին, խոսքս նաեւ նկարիչների, ռեժիսորների, պրոդյուսերների… լրագրողների մասին է (ծիծաղում է): Մեր երկիրը լի է տաղանդներով»,-եզրափակեց դերասանը: