Մեր շոու-բիզնեսի ամենաբարձրահասակ եւ սլացիկ երգչուհիներից մեկը՝ Սյուզի Մելիքյանն, իհարկե, չէր կարող «խուսափել» NEWS.am STYLE-ի «Հմայքի գաղտնիքներ» խորագրից: Երգչուհուց փորձել ենք պարզել նրա գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքն ու օրվա սննդակարգը:

«Առավոտյան երբեմն ոչինչ չեմ ուտում, առանց սնվելու եմ տանից դուրս գալիս, բայց, ամեն դեպքում, աշխատում եմ այդ ժամին թեթեւ սնվել՝ կաթնաշոռ՝ մեղրով կամ մրգերով, յոգուրտ… Ցերեկվա ժամերին, սովորաբար, չեմ ուտում: Սիրում եմ ֆրեշային հյութեր խմել տարբեր մրգերով: Եթե ցերեկվա ժամերին հագեցած եմ սնվում, երեկոյան աշխատում եմ թեթեւ բաներ ուտել»,-ասում է Սյուզին՝ հավելելով, որ այսօր խիստ դիետաների չի հետեւում.

«Ժամանակ կար, երբ ցանկանում էի նիհարել: Այդ ընթացում եմ պահել դիետա: Առհասարակ, յուղային սնունդն եմ բացառում իմ սննդակարգից: Կարագով պատրաստված բաներ չեմ ուտում»:

 

Երգչուհին համաձայն է այն մտքին, որ քնի ճիշտ ռեժիմը եւս կարեւոր է կնոջ գեղեցկության համար.

«Քունն ազդում է մարդու տրամադրության եւ աշխատելու ունակության վրա: Կար ժամանակ, երբ ռեժիմս խախտված էր, ուշ էի քնում, հիմա փորձում եմ շտկել: Երբ քիչ ես քնում, աշխատանքից հետո լիարժեք սպառվում ես»,-համոզված է նա:

Սյուզին կարծում է՝ գեղեցիկ զգալու համար կինը նախ պետք է լինի ներդաշնակության մեջ.

 

«Իհարկե, կինը պետք է սիրված եւ գնահատված լինի: Առհասարակ, խաղաղության մեջ գտնվող կինն է իրեն գեղեցիկ զգում, իսկ այդ խաղաղությանը հասնելը բոլորս էլ գիտենք, որ դժվար է: Վստահ կարող եմ ասել, որ մեր հայ կանայք ամենագեղեցիկն ու ամենաջերմն են: Կցանկանայի, որ յուրաքանչյուր կին լինի սիրված, գնահատված, սիրի իր անձը, քանի որ, երբ դու սիրում ես քո անձը, դիմացինդ դա զգում է»,-եզրափակեց երգչուհին:

Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE