Իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտնել է Չինաստանոմ դիակին գլուխ «փոխպատվաստելու» հաջող փորձի մասին։ Այս մասին նա հայտնել է Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Guardian-ը։

Վիրաբույժի խոսքով՝ Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի թիմն իրականացրել է «գլխի առաջին փոխպատվաստումը»։

Կանավերոյի խոսքով՝ վիրահատությունն իրականացրել է իր չինացի գործընկեր Ժեն Սյապինը, որը երկու տարի առաջ կապիկի գլխի փոխպատվաստման առաջին փորձն է իրականացրել։ «Մարդու դիակի վրա գլխի առաջին փոխպատվաստումն իրականացված է։ Մահացած ուղեղով դոնորից ամբողջական փոխպատվաստումը հաջորդ քայլը կլինի»,- հայտնել է Կանավերոն։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Լիմասոլում TED ֆորումի հարթակում, Կանավերոն հայտնել է, որ մտադիր է մինչեւ 2017-ի վերջն իրականացնել մարդուց մարդ գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը։

Կանավերոյի խոսքով՝ այդ պատմական վիրատահությունը ծրագրված է 2017-ի դեկտեմբերին։ Այն իրականացվելու է Չինաստանում՝ Չինաստանի քաղաքացու դոնորական գլխի ու մարմնի գործածմամբ։

Ենթադրվում է, որ ողնուղեղը, անոթներն ու մկանները կմիացվեն կոլագենի օգնությամբ, մինչ հիվանդը արհեստական կոմայի վիճակում կգտնվի։ Ամբողջ պրոցեսի համար մոտ մեկ ամիս կպահանջվի։ Հաջողության դեպքում հիվանդը նորից կկարողանա քայլել , հավաստիացնում է բժիշկ Կոնավերոն։

Չնայած քննադատության հեղեղին ու կասկածելի գիտական եւ բարոյական հիմնավորումներին՝ նեյրովիաբույժը համարում է, որ եթե իր հիվանդը վիրահատությունից հետո ողջ մնա, ապա կկարողանա աստիճանաբար լուծել բոլոր հետագա խնդիրները։

Կանավերոն ասում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են ենթարկվել այդ վիրահատությանը, պատրաստ են ռիսկի դիմել, քանի որ կորցնելու ոչինչ չունեն՝այդ մարդիկ առանց այդ էլ մահանում են դանդաղ ու տանջալի մահով։ Եթե փոխպատվաստումը չհաջողվի, ապա նրանք գոնե կմահանան ՝ իմանալով, որ գործադրել են բոլոր ջանքերն իրենց փրկության համար։

 

Նյութի աղբյուրը՝  NEWS.am