Yelaket.am-ը գրում է․

<<Ես>> երիտասարդական ժամանացային ամսագրի, մոդելի կարիերայի, Գ երմանիայում ուսանելու, կյանքում կատարած ճակատագրական քայլերի և հայրենիքից հեռու գտնվելու մասին Yelaket.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ:

1 .Մոդելի Ձեր կարիերան ավարտված եք համարո՞ւմ:

Այս կյանքում որևէ բան ավարտված չեմ համարում, քանի դեռ կամ, որևէ բան չեմ բացառում: Հետաքրքիր առաջարկների դեպքում, սիրով կներկայանամ կրկին այդ դերում: Մեր օրերում ամեն բան այլ կերպ է, կարող ես անգամ մինչև խոր ծերություն զբաղվել այդ մասնագիտությամբ, եթե կերպարդ որևէ դերի, ցուցադրության, ապրանքանիշի կամ նկարահանման համար անհրաժեշտ է և համապատասխան: Սիրով, ես շատ սիրում եմ այդ աշխատանքը, և անկեղծ ասած, շաաատ կարոտել եմ:

2.Երբ կարդում էի Ձեր խմբագրականները, հասկացա, որ ընթերցասեր եք: Ըստ Ձեզ՝ ո՞ր գրքերն են ձևավորում մարդու տեսակը:

Ընթերցասեր եմ, կարդում եմ ամեն բան ինչ անցնում է ձեռքիս տակով` ամսագիր, թերթ, գիրք: Սակայն մեր օրերում ավելի թվայնացված տարբերակով եմ ամեն բան կարդում, քան տպագիր, լրահոսին էլ հետևում եմ ինտերնետում: Այդպես առավել օպերատիվ, արագ և մատչելի տարբերակ է, բայց և կարդալու կուլտուրան բոլորովին այլ է: Կարծում եմ` յուրաքանչյուր գիրք էլ իր հետքն է թողնում, մտահորիզոնի և աշխարհայացքի վրա ազդում: Կարդալը շատ կարևոր է, անկախ նրանից, թե ով ես մասնագիտությամբ և ինչով ես զբաղվում: Տեղեկացված, կարդացած, զարգացած մարդը հետաքրքիր է ինձ. վերջերս տգետ մարդիկ սկսել են մի տեսակ նյարդերիս վրա ազդել: :Ճ

3.<<Ես>> երիտասարդական ժամանցային ամսագիրը բացառիկ էր՝ լսարանի ծավալով և յուրօրինակությամբ: Ինձ՝ որպես հավատարիմ ընթերցողի, անչափ տխրեցրեց այն փաստը, որ ամսագիրը տասնամյա գործունեությունը դադարեցրեց: Ինչո՞ւ: Չե՞ք մտածել գործել նաև այլ ֆորմատով:

Այո, իրավամբ այդպես է. այն ամսագիրը, որը ես հիմնեցի ու կյանք տվեցի բացառիկ էր իր տեսակով, ասելիքով և ձևաչափով: Մարդիկ իսկապես սպասում էին ամեն մի համարի հրատարակմանը: Արդեն 3 տարի է, ինչ իմ ամսագիրը չի տպագրվում, սակայն մինչև հիմա նամակներ եմ ստանում, խնդրանքով շարունակելու:
Մի օր կրկին վերադառնալու եմ… Նոր ասելիքով, նոր ձևաչափով և նոր տեսակով:
Մարդիկ փորձեցին գողանալ իմ < <Ես>>-ը, ես շատ ծանր էի տանում այդ անարդարությունը, սակայն ժամանակ անց, ի շնորհիվ իմ լսարանի հասկացա, որ այն ինչ քոնն է, քո ծնունդ տվածն է, որևէ մեկը քեզանից խլել և իրենով անել չի կարող: Միայն անունը գողանալով չէ: Երբեք և որևէ մեկը չի կարող կրկնել իմ հաջողությունը <<Ես>>-ի կտրվածքով, քանզի ես այնքան սեր, նվիրում, անքուն գիշերներ էի նվիրել այդ նախաձեռնությանը: Ես-ի մասին շատ երկար կարելի է խոսել, այն մի ամբողջ երիտասարդական շարժում էր, որը մարդիկ չեն մոռացել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ:

4. Գերմանիայում նաև ուսանում եք: Երբ համեմատում եք, Ձեզ գոհացնո՞ւմ է ԵՊՀ-ի տված գիտելիքը:

Այո, շարունակում եմ սովորել, վերապատրաստվել, պատրաստվել իմ կյանքի նոր փուլին: Ես միայն Եվրոպայում հասկացա, որ այն բազան, այն հիմքն ու գիտելիքները, փորձն ու կրթությունը, որը ես ունեմ շատ մեծ կապիտալ է, որը միայն էլ ավելի պետք է զարգացնել, կատարելագործել: Որքան ապրում ես, այնքան պետք է աշխատես ինքդ քեզ վրա: Ես շատ բարձր եմ գնահատում ԵՊՀ-ի իմ կրթությունը, <ԵԱԴ>-ի անցած դպրոցը: Ես կարծում եմ, որ ուսանողից, կրթվողից շատ մեծ բան է կախված, ինքդ քեզ վրա շատ պետք է աշխատես, ինքնակրթությամբ զբաղվես, միայն բուհ ընդունվելը բավական չէ: Ես կարծում եմ, որ մենք շատ բարձրորակ կրթություն ունենք, միայն թե ուսուցման որոշ մեթոդների և ֆորմատի` ձևաչափի մասով քննադատություններ ունեմ, բայց մեր կրթությունը իսկապես սովորողի համար պակաս որակյալ չէ:

Եվ մի դիտարկում ևս, իմ դիպլոմները /բակալավր, մագիստրատուրա/ այստեղ նույնպես ընդունված են, այնպես որ եվրոպական որակներին համապատասխան կրթություն է: Այդ իսկ պատճառով գերմանական համապատսխան ատյանները առավել նպատակահարմար գտան ոչ թե կրկին համալսարանում սովորելը, այլ վերապատրաստման դասընթացները, որի ֆինանսավորումն իսկ իրենք են հոգում /5 ամսվա համար մոտ 9000 եվրո, ինչի համար շատ շնորհակալ եմ Գերմանիայի տեղական իշխանություններից:

5.Հայրենիքից հեռու լինելով՝ ի՞նչն եք արժևորում:

Հայրենիքում, թե հայրենիքից դուրս, անչափ կարևորում եմ մարդ լինելը: Էական չէ, թե ով ես, ինչով ես զբաղվում, ինչ նախասիրություններ ունես, ինչպես և որտեղ ես ապրում, կարևոր է, որ կյանքի ցանկացած իրավիճակում մարդ մնաս և չչարանաս կյանքի և աշխարհի նկատմամբ:

Հայրենիքից հեռու էլ ավելի կարևորվեց, թե ովքեր են կողքիդ, թե ինչպիսի մարդկային որակներ ունեցող մարդկանց հետ ես շփվում, և թե նրանք, որքանով են քեզ հետ անշահախնդիր և անկեղծ:

Եվ որ ամենակարևորն է, սերը արմատներիդ, հայրենիքիդ նկատմամբ: Ես սիրում եմ Հայաստանը, իմ բնօրրանը, և այսօր առավել, քան երբևէ կարող եմ ասել, որ Հայաստանն ինձ համար անփոխարինելի երկիր է: Հայաստանը ներկայիս իշխանություններ չէ և նրանցով չէ, որ իմ սերը պետք է նվազի իմ երկրի նկատմամբ:
Իշխանությունները գալիս են և գնում, նրանք անցողիկ են, իսկ հայրենիքը մնայուն արժեք է:

6.Կյանքում ո՞ր քայլն է ճակատագրական եղել Ձեզ համար:

Ճակատագրական է ամեն մի պատասխանատու քայլը, որ մենք անում ենք այս կյանքում, մասնագիտությունը, որն ընտրում ենք, երկրի ընտրության հարցը, որտեղ ապրում ենք, կողակցի ընտրությունը, երեխա ունենալու որոշումը, ամենը, ամենն անխտիր, քանզի ամեն մի քայլն ինքն իրենով փոխում է կյանքիդ հունը, ընթացքը: Եվ որևէ մեկս չգիտենք, թե ուղին մեզ ուր է տանում, և թե այն որքանով փշոտ կամ քարքարոտ կլինի, կամ կպսակվի հաջողությամբ, թե անհաջողությամբ: Կրկին շատ երկար զրուցելու ծավալուն թեմա:

7.Դժվարությունները հաղթահարելիս, ինչն եք ամենաշատն արժևորել կյանքում:

Կյանքն ինքնին. կյանքը, որ տրված է ինձ, որը ապրում եմ, փորձում որևէ բան անել, օգնել այլոց, անպետք կյանքով չապրել, հետք թողնել, զուր չվատնել, որն ինձ տրվել է: Կյանքն ամեն օր նոր բացվող առավոտվա հետ մեզ նոր հնարավորություն է սխալները շտկելու, մի լավ գործ անելու, ինքդ քեզ վրա աշխատելու:

Ինչպես նաև ամեն մի փորձություն, խնդիր ու դժվարություն աշխատում եմ միայնակ հաղթահարել, այլոց պարանոցին չփաթաթել իմ խնդիրները, մասնակիցը չդարձնել իմ ունեցած դժվարությունների: Ամենքն իրենց բավարար խնդիրներն ունեն, այնպես որ զերծ եմ պահում շրջապատիս մարդկանց, բայց և անչափ կարևորում եմ, թե այդ նեղ օրերին ովքեր են կողքիս, ովքեր են կանգնում թիկունքիդ:

Ես ունեցա օրեր, պահեր, երբ բոլորովին մենակ մնացի, շատ քչերը փորձեցին հասկանալ կամ սատարել, բայց հոգ չէ, դա էլ մի լավ կյանքի դաս էր ինձ համար: Նման պահերին է, որ հասկանում ես , թե ով ով է և թե ով ինչու է կողքիդ եղել և կամ ով ինչ է շնչում քո հանդեպ:

8.Կա մ ի բան, որը երբեք չեք հանդուրժի:

Ես, առհասարակ շատ տոլեռանտ` հանդուրժող մարդ եմ, բայց և չափից դուրս սկզբունքային և հպարտ: Եթե որևէ բան դեմ է իմ արժանապատվությանը, հպարտությանն ու սկզբունքներին, ապա ես դժվար թե հանդուրժեմ: Ինչպես նաև երբեք չեմ հանդուրժում բռնությունն ու ագրեսիան: Ես մարդուն կարող եմ վայրկենապես ջնջել իմ կյանքից, եթե նա բռնանում է ինձ` լինի ֆիզիկապես, թե հոգեպես:

Մանրամասները` http://yelaket.am/?p=27659&l=am