Երեխաները, որոնք կանոնավորապես շաքարի մեծ պարունակությամբ մրգահյութեր են խմում, ասթմայով ավելի հաճախ են տառապում, նշված է ԱՄՆ Հարվարդի համալսարանի բժիշկների հետազոտության մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 1068 մայրերի եւ նրանց երեխաների սննդակարգը, նաեւ երեխաների առողջության վերաբերյալ տվյալները՝ պարզելու համար ասթմայի եւ ֆրուկտոզա պարունակող քաղցր ըմպելիքների միջեւ կապը: Ստացած տվյալները վերլուծելով՝ գիտնականները հաստատել են, որ ֆրուկտոզա եւ շաքար կանոնավոր օգտագործող երեխաները 77 տոկոսով ավելի հաճախ են ասթմայով տառապում:

Կապը հայտնաբերվել է մարմնի զանգվածի տարբեր ինդեքսով երեխաների մոտ: Շնչառության խնդիրների վրա ներգործում է նաեւ հղիության ժամանակ այս ըմպելիքների կանոնավոր օգտագործումը:

«Մենք դեռեւս չգիտենք, թե շաքարն ու ֆրուկտոզան ինչպես են հատկապես ասթմայի բերում: Կարող ենք ենթադրել, որ այս միացությունները բորբոքում են հրահրում, որը կարող է ազդել թոքերի զարգացման վրա»,- ասել է հետազոտության հեղինակներից Շերիլ Ռիֆաս Շիմանը:

Նախկինում գիտնականները պարզել էին, որ ասթմայով ավելի հաճախ կանայք են տառապում, քանի որ նրանց սեռական հորմոնները չեն արգելափակում բորբոքումը, ինչպես անում է տեստոստերոնը: