NEWS.am STYLE-ն Ամանորի վերաբերյալ բլից հարցում է իրականացրել հայտնիների շրջանում՝ պարզելու համար, թե ո՞րն է Նոր տարվա իրենց խորհրդանիշը, դնո՞ւմ են սեղանին խոզի բուդ, թե՞ ոչ, քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում իրենց տանը տոներից հետո եւ այլ զվարճալի հարցեր:

Այս անգամ մեր հարցման թիրախում է հայտնվել ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին, որն այս տարի Ամանորը դիմավորել է Հայաստանում:

Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ եւ ինչո՞ւ:

Սիրում եմ շատ: Այն ինձ համար խորհրդավոր տոն է: Սիրում եմ նվերներ անել եւ ստանալ: Ամեն անգամ յուրովի մանկանում եմ այդ օրերին:

Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

Հարազատ մարդկանց հյուրընկալումն ու ջերմ, ընտանեկան մթնոլորտը:

Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

Տատիկիս ավանդական տոլման, որը վերջապես ութ տարվա դադարից հետո կհամտեսեմ՝ Նոր տարին դիմավորելով Երեւանում՝ իմ տանը:

 

Ամենաչսիրած բանը Ամանորի եւ տոնական օրերի հետ կապված:

Այն, երբ բոլորը միաձայն կրկնում են, որ իրենց տան բուդն ու բլինչիկը նման չէ մյուսներինին: Եվ որ անպայման պետք է ուտել, այն էլ՝ շատ :)

Խոզի բուդ դնո՞ւմ եք Ձեր սեղանին :)

Իհարկե, մենք էլ ենք ավանդական հայ ընտանիք:

Ամանորից հետո քանի՞ «բոnբոներկա» է հավաքվում Ձեր տանը ;)

Ութ տարի առաջ հաստատ չէի հասցնի հաշվել, բայց այս տարի խոստանում եմ հաշվել :)))

Իսկ քանի՞ կիլոգրամով եք գիրանում տոների ընթացքում:

Ես երբեք չեմ կշռվում՝ քաշս իմանալու համար, այնպես որ՝ չգիտեմ:

Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում Ամանորի սեղանի ուտեստների, դիզային եւ նվերների վրա:

Լոս Անջելեսում այլ է, այստեղ՝ այլ: Հստակ գին ասել չեմ կարող: Մի բան միանշանակ կարող եմ ասել, որ Նոր տարին ճոխության եւ հարեւանին զարմացնելու տոն չէ, դա ընտանիքին եւս մեկ անգամ իրար գլուխ հավաքելու գեղեցիկ ավանդույթ է, որն ամփոփվում է տարվա վերջ՝ մեկ օրով:

 

Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

Եթե հարազատ մարդիկ են, անպայման նվերներ, եթե հեռավոր ծանոթ մարդիկ՝ ուղղակի քաղցրեղեն ու խմիչք:

Ամենաուրախ Ամանորը, որ ունեցել եք:

Հնդկաստանում: MTV-ի Ամանորի համերգին: Դա տարիներ առաջ էր, երբ հնդիկ կոպմոզիտոր A.R. Rahman-ի հետ ունեցա համերգ: Եվ դա իմ ամենահիշարժան ու նաեւ զավեշտալի Ամանորն էր:

Իսկ ամենատխո՞ւրը…

Տխուր բաներ առհասարակ փորձում եմ չհիշել՝ լինելով պոզիտիվ ու լավատես: Աշխատում եմ ապրել՝ միայն լավը ստեղծելով:

Կա՞ Նոր տարվա հետ կապված մի ցանկություն, երազանք, որն այդպես էլ չի կատարվել:

Չէ, չկա, ամեն ինչ կատարվել է: Իսկ ինչն էլ չի կատարվել, ժամանակի խնդիր է:

Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

Միայն լավատեսություն: Մենք՝ հայերս, հզոր ազգ ենք՝ բացի հին ու պատմական գենտեիկա կրելը: Մեզ մի փոքր պակասում է միասնականությունն ու կազմակերպվածությունը: Մնացածը մենք ունենք, եւ աշխարհը հաստատ գիտի դրա մասին: Ինձ համար հայից լավ ազգ չկա: Մոտ ընկերներս նույնիսկ ինձ ֆեդայի են անվանում, իսկ դա իմ համարձակության եւ հստակ որոշումներ կայացնելու տեսակից է գալիս, որը ես ժառանգել եմ իմ սուրբ հողից: Այն ինձ անսասան է պահում: Սիրում եմ քեզ, հայ ժողովուրդ, ու ցանկանում եմ միայն լավն ու խաղաղություն:

Նյութի աղբյուրը`  NEWS.am