Տոնը, հատկապես՝ Ամանորը, կարեւոր նշանակություն ունի ընտանիքի համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կտրվել առօրեայից, ժամանակ տրամադրել միասին լինելու եւ հաճելի զբաղմունքերի համար: Սակայն տոներից հետո նորից աշխատանքային ռեժիմի վերադառնալիս որոշակի դժվարություններ են առաջանում՝ կապված քնի, սննդի եւ զբաղվածության տեսակի հետ: Աշխատանքային ռեժիմի անցնելու համար հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը մի շարք խորհուրդներ ունի:

  • Տոնական վերջին օրերին մտովի պատկերացրեք ձեզ աշխատավայրում, հատկապես՝ ամենահաճելի բաները, որոնք կապված են աշխատանքի հետ: Մեկի համար դրանք կլինեն աշխատանքային լավ ընկերները, որոնց կարոտել է, մյուսի համար՝ աշխատանքային հարմարավետ սենյակն ու սուրճը, մեկ ուրիշի համար էլ՝ հանդիպումն այցելուների հետ եւ այլն:
  • Աստիճանաբար անցեք լիարժեք աշխատանքային ռեժիմի, եւ որպեսզի աշխատանքը չտուժի, նախապես ծրագրեք եւ կատարեք կարեւորագույն գործերը, որոնց կատարումն առաջնային է եւ պարտադիր: Մնացյալ գործերը կարելի է թողնել աշխատանքային առաջին շաբաթվա վերջի համար:
  • Դրական մտածեք. դուք լավ հանգստյան, տոնական օրեր եք ունեցել, հաճելի ժամանց հարազատների եւ ընկերների հետ, հիմա ժամանակն է կուտակած էներգիան օգտագործել աշխատանքային ձեռքբերումների համար:
  • Փորձեք տոնական դարձնել կյանքի յուրաքանչյուր օրը: Յուրաքանչյուր օրը փորձեք լցնել ուրախության եւ տոնի զգացողությամբ, ժամանակ հատկացնել ե՛ւ աշխատանքի, ե՛ւ հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար:

Այս պարզ խորհուրդներին հետեւելով՝ կարելի է արագորեն վերադառնալ աշխատանքային ռեժիմին եւ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:

 

Նյութի աղբյուրը՝ NEWS.am