Երբեմն առողջ զույգերը, որոնց մոտ բժիշկները որեւէ խնդիր չեն հայտնաբերել, ամիսներով, անգամ տարիներով փորձում են երեխա ունենալ, սակայն՝ անարդյունք: Ոմանք այս երեւույթն իդիոպաթիկ անպտղություն են անվանում, մյուսները՝ «հոգեբանական»:

Հոգեբան Ելենա Շամովան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հոգեբանական անպտղության մի քանի պատճառների մասին:

Հոգեհուզական վիճակ

Եթե կինը չի կողմնորոշվել իր առաջնահերթությունների հարցում, եթե նա վստահ չէ, թե ինչ է նրան այդ պահին հարկավոր՝ երեխան, թե կարիերան, դա կազդի իր հոգեհուզական վիճակի վրա եւ կարող է խանգարել հղիանալ:

Վախերը կարող են խաղալ նույն դերը. հղիության եւ ծննդաբերության պատճառով արտաքին տեսքի փոփոխության վախը, ցավոտ ծննդաբերության վախը, ապագա երեխայի առողջության համար վախերը՝ այս ամենը հուզական սթրեսի պատճառ է, որը օգտակար չէ կնոջ համար:

Հետաքրքիր է, որ նույնիսկ դրական տրամադրվածությունը եւ հղիանալու մեծ ցանկությունը կարող են խանգարել, եթե կինը կենտրոնացած է հղիության վրա՝ հաշվում է ձվազատման օրերը, որեւէ այլ բանի մասին չի կարողանում մտածել, հղիանալու գործում դա նրան ամենեւին չի օգնի, ավելի շուտ՝ հակառակը:

Նախկինում ունեցած փորձը

Նախկինում ունեցած բացասական փորձը հաճախ վախ է ծնում, որ դա կարող է կրկին տեղի ունենալ: Օրինակ, եթե կինը նախկինում վիժել է, նա կվախենա, որ եթե կրկին հղիանա, ապա կկորցնի երեխային, եւ այդ մտքի պատճառով առաջացած լարվածությունը կարող է խանգարել նրան հղիանալ:

Կա կարծիք, որ տրավմատիկ փորձը, օրինակ՝ սեռական բռնությունը կամ դժբախտ ընտանիքում մանկության փորձը, կարող են հոգեբանական անպտղության հանգեցնել. հոգու խորքում կինը կվախենա երեխաներ ունենալ:

Հարաբերությունները զուգընկերոջ հոտ

Կնոջ հարաբերությունները զուգընկերոջ, զուգընկերոջ ընտանիքի եւ իր սեփական ընտանիքի հետ կարող են լուրջ ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի վրա: Եթե կինը վստահ չէ երեխայի ծնունդից հետո զուգընկերոջ հետ հետագա հարաբերությունների հարցում, դա կարող է հանգեցնել ոչ միայն հոգեբանական խնդիրների, այլ նաեւ՝ հղիանալու հետ կապված խնդիրների: Խնդիրներ կարող են առաջանալ նաեւ այն դեպքում, եթե կինը կարծում է, որ իր զուգընկերը կամ ընտանիքի մյուս անդամները չեն աջակցում իրեն եւ այդքան էլ երեխա չեն ցանկանում:

Եթե Դուք եւ Ձեր զուգընկերը ֆիզիկապես առողջ եք, եթե հաջողությամբ անցել եք բժիշկների կողմից նշանակված բոլոր ստուգումները, սակայն հղիանալ այդպես էլ չի հաջողվում, մասնագետը խորհուրդ է տալիս մտածել. գուցե հոգեբանական պատճառնե՞ր կան, որոնք խանգարում են դրան: Եթե ինքնուրույն այդ պատճառները պարզել Ձեզ չի հաջողվում, արժե մտածել հոգեբանի հետ խորհրդակցելու մասին:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine