Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունների շրջանակում ծրագրվում է նոր սքրինինգային ծրագրի մեկնարկ, որն ուղղված է հաստ աղիի քաղցկեղի կանխարգելմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Խոսքը ոչ բարդ անալիզի մասին է, որը հայտնաբերում է կղանքում թաքնված արյունը: Կղանքում թաքնված արյուն հայտնաբերելու դեպքում հիվանդը կուղարկվի հետագա հետազոտությունների, որոնք կօգնեն ախտորոշել նախաքաղցկեղային վիճակը, որոնք հնարավոր է հաջողությամբ բուժել՝ կանխելով հետագա խնդիրներն ու բարդությունները:

Ծրագրի մանրամասները դեռեւս հայտնի չեն, բայց անալիզն անվճար կկարողանան հանձնել, հավանաբար, 35-60 տարեկան քաղաքացիները՝ տարեկան 3 անգամ: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ծրագիրն ինչպես է հատկապես ֆինանսավորվելու, սակայն առողջապահության կազմակերպիչները հույս ունեն, որ ֆինանսավորումը պետությունը կստանձնի, որի համար հաստ աղիի քաղցկեղի կանխարգելումը շատ ավելի էժան կլինի, քան քաղցկեղի այս տեսակով տառապող հիվանդների բուժումը:

Նշենք, որ հաստ աղիի քաղցկեղի կանխարգելման պետական սքրինինգային ծրագիրը Էստոնիայում հաջողությամբ իրականացվում է արդեն շատ տարիներ: