1.80 հասակը Լուսինե Թովմասյանի միակ առավելությունը չէ։ Մոդելը շատ էմոցիոնալ է և շուտ հուզվող, չնայած քչերն են դա տեսնում, քանի որ ժպիտը թաքցնում է մնացած բոլոր էմոցիաները: Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է դստերը՝ Արիանային: Պոդիումով քայլելիս միշտ ժպտում է, կարծում է՝ դա հանդիսատեսի հետ շփման լավագույն տարբերակն է, նա դա չի կեղծում, ինչն էլ նրան լրացուցիչ գույներ և նրբագեղություն է հաղորդում:

Ինձ համար մոդելի աշխատանքը պարզապես հոբբի է

Այս աշխատանքով հաճույքով եմ զբաղվում: Բացի Հայաստանից՝ աշխատել եմ Միլանում, Տոկիոյում, Փարիզում, Անգլիայում։ Այդ ամենից հետո իմ մեջ ինչ-որ բան կարծես կիսատ մնաց, բայց ցանկություն չկար դրան վերաբերվելու որպես հիմնական աշխատանքի: Կարող եմ ասել՝ Վահան Խաչատրյանն էլ է իր մեծ դերն ունեցել իմ հետագա աշխատանքում, ամեն անգամ ասում էր՝ Լուսինե Թովմասյանն իմ մուսան է, իսկ ես մեծ հաճույքով մասնակցում եմ նրա ցուցադրություններին: Որտեղ ցուցադրություններ, այնտեղ էլ՝ գովազդներ, որտեղ գովազդներ, այնտեղ էլ՝ ֆոտոշարքեր: Ամենակարևորը՝ ամուսինս կողքիս է և միշտ մի բան է ասում․ «Եթե դա քեզ հաճույք է պատճառում, ապա պետք է զբաղվես»: Նա իհարկե հասկանում է, որ դա շարունակական չի կարող լինել: Գալիս է մի տարիք, որ ամեն ինչ ավարտվում է, և կարծում եմ՝ մինչև ավարտվելը ես այս բնագավառում կլինեմ, քանի որ դա ինձ հաճույք է պատճառում:

Պատկերացրեք՝ հասցնում եմ համատեղել ընտանիքս և աշխատանքս

Եթե ինչ-որ բանի ցանկություն կա, հասցնելու խնդիր երբևիցե չես ունենում, կարևորը մեծ ցանկությունն է: Ծնողներիս, իսկ հիմա՝ նաև ամուսնուս կողմից ոգեշնչված լինելը մեծ դեր է խաղում: Յուրաքանչյուր ֆոտոշարքից հետո երեկոյան երբ մտնում եմ տուն, առաջինը հենց ամուսինս է նայում դրանք, և տեսնելով, որ նա էլ է հաճույք ստանում այդ ամենից, ես ավելի եմ ոգևորվում:

Դիզայներ Վահան Խաչատրյանն իր հագուստների առաջին նմուշները կարում է իմ չափսերով

Քանի որ այս աշխատանքին որպես հոբբի եմ նայում, իմ ցանկությամբ եմ ընտրում թե՛ գովազդները, թե՛ դիզայներներին: Դա անում եմ զուտ իմ հաճույքի համար, իսկ Վահանի հետ վաղուց եմ աշխատում․ հագուստներս նրա մոտ էի պատվիրում, քանի որ ինձ շատ լավ հասկանում է: Ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելիս միշտ նրա կողքին եմ, նայում եմ, ոգևորվում եմ այդ ամենը տեսնելուց: Նրա ցուցադրություններից մեկի ժամանակ, երբ ես յոթ-ութ ամսական հղի էի, Վահանն ասաց՝ խնդրում եմ, բաց մի թող այս ցուցադրությունը և ներկա գտնվիր: Այդպիսի պահերին հասկանում ես, որ սա արվում է պարզապես ընկերության և հաճույքի համար:

Չեմ համաձայնի առանց հոնորարի աշխատանքի

Աշխատանքի դիմաց ստացած հոնորարն իհարկե կապ ունի, ինչպես նաև առաջարկվող ապրանքանիշը, և ընտրությունն արդեն լինում է իմ ցանկությամբ: Հայաստանը և հայաստանյան շուկան մեծ չեն, այնպես չէ, որ առաջարկները շատ են, և ընտրելու հնարավորությունը մեծ է: Բնական է, որ հոնորարը կարևոր է: Կարծում եմ՝ բարձր վարձատրվող մոդելներից եմ, չնայած չգիտեմ, թե մյուսներն ինչ հոնորար են ստանում:

 շարունակությունը՝ այստեղ