Օրերս կայացած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Սիրուշոն արժանացավ հատուկ մրցանակի՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար: Երգչուհին անձամբ չստացավ իր մրցանակը, քանի որ այս պահին էլ իրականացնում է «Արմատ» համերգային շրջագայությունը, որը մեկնարկել էր դեռեւս 2017 թ-ին: NEWS.am STYLE-ը զրուցել է Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ, որը մեզ նոր մանրամասներ է հաղորդել երգչուհու շրջագայությունների եւ Հայաստանում համերգներով ներկայանալու ծրագրերի մասին:

«Մեզ համար յուրաքանչյուր մրցանակ հաճելի է, չնայած նրան, որ մեր գործունության մեջ մրցանակները նպատակային չեն: Ամեն դեպքում, գնահատականի յուրաքանչյուր դրսեւորում հաճելի է թե՛ Սիրուշոյի, թե՛ մեր ամբողջ թիմի համար, որովհետև բոլորս աշխատում ենք սիրով եւ նվիրումով»,-նշեց Նունեն, նաեւ տեղեկացրեց, որ Սիրուշոն արդեն համերգներ ունեցել է Կանադայի Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում, Ավստրալիայում` Սիդնեյում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նեդեռլանդներում, ինչպես նաեւ օրեր առաջ տեղի ունեցան մենահամերգներ Նյու Ջերսիում եւ Բոստոնում: Մենեջերի փոխանցմամբ՝ երկու ժամ տեւողությամբ կենդանի համերգներից յուրաքանչյուրն անցել է հանդիսատեսի երգ ու պարով եւ Սիրուշոյին ավելի երկար ունկնդրելու ցանկությամբ:

«Համերգների շրջանականերում Սիրուշոն միշտ փորձում է ներգրավել տեղի հայ տաղանդավոր պարախմբերին եւ երաժիշտներին` դարձնելով նրանց իր շոուի մի մասը: Շրջագայությունները ճանաչողական են նաեւ, քանի որ Սիրուշոն մշտապես հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների եւ ականավոր գործիչների հետ` նրանց ձեռքբերումներին ծանոթանալու եւ դրանք իր լսարանին մատուցելու համար»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ հրավերներն օրեցօր շատանում են, իսկ ամբողջ տարվա ընթացքում շարունակվելու են բուռն ստեղծագործական աշխատանքները:

 

Երգչուհու հետ վերջերս կայացած համերգային ծրագրերի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ երգիչ Անդրեն: Հարցին՝ արդյոք Սիրուշոն մտադի՞ր է ներգրավել նաեւ այլ հայտնի հյուրերի իր համերգների ընթացքում, մենեջերը նշեց.

«Անդրեն հանդես եկավ «Արմատ» համերգների շրջանակներում՝ Նյու Ջերսի և Բոստոն քաղաքներում` որպես հատուկ հյուր: Չգիտեմ՝ արդյոք առաջիկայում Սիրուշոն կներգրավի այլ ճանաչված երգիչների՝ որպես անակնկալ հյուր»:

Երգչուհու լուսանկարների տակ արված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրա մենահամերգները սպասված են նաեւ Հայաստանում:

 

«Հայրենիքում հանդես գալը նույնպես շատ պատասխանատու է: Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, սակայն քննարկումներն ընթացքի մեջ են»,-ասում է երգչուհու մենեջերը:

Ի դեպ, օրերս Սիրուշոն Instagram-ի իր էջում տեսանյութ հրապարակեց System of a Down խմբի հայտնի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ՝ տեղեկացնելով, որ հատուկ երաժիշտի սոլո ալբոմի համար համատեղ երգ են թողարկել: Այնպես որ՝ երգչուհու առաջիկա նորությունների մեջ մտնում է նաեւ աշխարհահռչակ թմբկահարի հետ համագործակցությունը:

Նյութի աղբյուրը`  NEWS.am