Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն օրերս երկրպագուներին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է իր իսկ հեղինակած Alone երգի հիման վրա: Մեր աչքից, իհարկե, չէր կարող վրիպել միայնության մասին այս ստեղծագործությունը… Այսպիսով՝ NEWS.am STYLE-ը զրուցել է Աստղիկ Սաֆարյանի հետ եւ պարզել, թե ինչ հաղորդագրություն է պարունակում իր երգն ու որքանով է կապված իր սեփական հույզերի հետ:

«Անկեղծ ասած` միայնություն բառը մի փոքր ռիսկային է տվյալ պարագայում, ես կնախընտրեի մենակություն բառը, քանի որ երգը ավելի շատ մենակության մասին է, քան միայնության։ Երգը գրվել է Իսպանիայում, որտեղ ապրել եմ երկար տարիներ ու լրիվ օտարության մեջ, այսինքն՝ կարելի է ասել, որ երգը ծնվել է իմ տվյալ շրջանի հոգեվիճակից։ Հիշում եմ՝ երբ երգը դեռ նոր էի գրել, կիսվեցի այդ նորությամբ իմ հետեւորդների հետ եւ առաջարկեցի, որ երգի վերնագրի ընտրությունը կատարեն հենց իմ երկրպագուները, նրանք էլ առանց երգն անգամ լսելու ընտրեցին այս՝ Alone վերնագիրը։ Ահա, այսքան միասնական «մենակ»-ության մասին է խոսքը, որը երբեք չեմ անվանի միայնություն։ Ես միայնակ չեմ, քանի դեռ ունեմ հավատարիմ երկրպագուներ»,-շեշտեց երգչուհին՝ անդրադառնալով նաեւ երգի հիմնական մեսիջին.

 

«Երգը մի կողմից խոսում է այն մարդկանց սրտից, որոնք բնույթով միասեր են եւ նախընտրում են լինել մենակ, քան մեկի հետ, ում չեն սիրի, մյուս կողմից էլ փորձում է առաջարկել դուրս գալ այդ իլյուզիայից եւ շուրջը նայել. միգուցե, հենց նա, ով նախատեսված է քեզ համար, վաղուց կողքիդ է, բայց դու նրան անգամ չես էլ նկատում: Ինչ վերաբերում է տեսահոլովակին՝ այն նկարահանվել է Երեւանում, աշխատել եմ իմ թիմի հետ. ռեժիսոր՝ Արմեն Փիրիմասիհի, օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան»:

Աստղիկը, սովորաբար, ինքն է զբաղվում իր տեսահոլովակներում ներկայացված կերպարների ոճով: Այս անգամ էլ բացառություն չի արել.

«Կերպարներս ընտրել եմ ինքս, բայց դրանցից մեկի հարցում ինձ օգնության հասավ իմ հարգելի ընկերը՝ դիզայներ Արամ Նիկոլյանը։ Դիմահարդար Լիդիա Ավետիսյանի եւ վարսահարդար Հռիփսիմե Մանավազյանի հետ միասին էլ փորձեցինք ստանալ կերպարներիս համահունչ տեսքը եւ այս թիմային աշխատանքի արդյունքում էլ ստացանք այս գեղեցիկ տեսահոլովակը»:

Վերադառնալով մենակության թեմային՝ հետաքրքրվեցինք՝ արդյոք կնոջ կողքին պե՞տք է պարտադիր լինի տղամարդ, որպեսզի նա իրեն միայնակ չզգա: Աստղիկն, իհարկե, հարցի շուրջ ունի իր մեկնաբանությունը.

«Ես այլ կերպ եմ նայում այս հարցին. ես շատ գնահատում եմ իմ անկախությունը, եւ այն պատրաստ կլինեմ կիսել որեւէ մեկի հետ միայն շատ սիրելու դեպքում, այլ ոչ թե պարզապես կողքիս որեւէ մեկին ունենալու համար, երբ զգամ, որ կա այն արժանի մեկը, ում հետ արժե կիսել այդ անկախությունը…» ։

Նյութի աղբյուրը` NEWS.am