Աշխարհահռչակ երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել: Իր գրառման մեջ նա խոսել է իր ընկերոջ՝ հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդեն մասին: Սերժ Թանկյանը գրել է.

«Սաստիկ ցնցված եմ CNN-ի մեկնաբան Էնթոնի Բուրդենի մահվան մասին լուրով: Կյանք, մշակույթ, ճշմարտություն, խոհարարական արվեստ. մենք կորցրինք այս ամենի մի ազնիվ դեսպանի: Ես պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ վերջինիս հեղինակային հաղորդման շրջանակներում: Մեր սերն ու ցավակցությունները՝ նրա ընտանիքին ու բոլոր երբեւէ ճանաչածներին»:

Նշենք որ հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը մահացել է 61 տարեկան հասակում: Ինչպես հայտնում է CNN-ը, Էնթոնի Բուրդենն ինքնասպանություն է գործել:

Բուրդենը գտնվում էր Ֆրասիայում, աշխատում էր իր հաղորդման հերթական նկարահանումների վրա: Իր մոտ ընկերը՝ Էրիկ Րիպերը՝ հայտնի ֆրանսիացի շեֆ-խոհարար, գտել է Էնթոնիի դին հյուրանոցի իր համարում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին CNN-ը ցուցադրել է Հայաստանի մասին թողարկումը՝ Parts Unknown հաղորդման շրջանակներում, հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ:

Թողակման շրջանակներում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն:

Նշենք, որ Էնթոնիին Հայաստանում եւ Արցախում ուղեկցել է Սերժ Թանկյանը: