Շիրակում, բժշկական ծառայությունների հասանելիության նպատակով, Գյումրու բժշկական կենտրոնն իրականացրել է մի շարք փոփոխություններ:

Հուլիսի 1-ից ԲԿ-ում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով: Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Գյումրու բժշկական կենտրոն կատարած այցի շրջանակում Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ բուժկենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի միջեւ տեղի ունեցած եռակողմ քննարկումների արդյունքում: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նախկինում այս բժշկական սպասարկումն իրականացվել է 1 մլն 100 հազար դրամով: Այժմ բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով:

«Այսպիսով, կնվազի հիվանդների արտահոսքը Վրաստան: Ի դեպ՝ Գյումրու ԲԿ-ում առաջարկվող ծառայության արժեքը բացառիկ է ամբողջ հանրապետության տարածքում»,- ասված է բուժկենտրոնի հաղորդագրությունում: Հաշվի առնելով մարզի ազգաբնակչության սոցիալապես անապահով վիճակը՝ գնացուցակից հանվել է հիվանդի խնամողի գիշերակացի վճարը: Այս որոշումը ևս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից: