Դերասանուհի Աննա Մանուչարյանն այսուհետ խաղալու է Երևանի կամերային թատրոնում։ Ինչպես BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, սա իր երազանքն էր, որն արդեն իրականություն է: Նշենք, որ դերասանուհին արդեն ներգրաված է «Կառավարական համերգ» և «Կաբարե ռեստարտ» ներկայացումներում:

«Կամերային թատրոնը դերասանուհու քասթինգ էր հայտարարել, իսկ ես միշտ ուզում էի այնտեղ խաղալ: Երբ տեսնում էի Լուսինե Երնջակյանին և Արշալույս Հարությունյանին, ասում էի՝ ինչ կլինի, ես էլ գամ ձեր թատրոն: Իսկ քասթինգը ուժերս փորձելու լավագույն միջոցն էր: Զանգեցի, որպեսզի գնամ քասթինգի, սակայն ինձ ասացին. «Մենք քեզ շատ ենք սիրում, բայց դու արդեն մեծ ես, իսկ երաժշտական ներկայացումներում անչափ էներգիա ես ծախսում՝ պարում ես, երգում, անդադար շարժի մեջ ես»: Բայց ես չէի նահանջում, խնդրեցի, որ մի փոքրիկ հնարավորություն տան ինձ բեմում տեսնելու: Արդյունքում փորձեցի և ներգրավվեցի թատրոնի մեծ ընտանիքի կազմում»,- պատմում է Աննան։

Աննային թատրոնի երաժշտական ուղղվածությունը հարազատ է, ասում է՝ սա այն թատրոնն է, որտեղ կարող է իր ամբողջ պոտենցիալը ցույց տալ: Կաբարե ներկայացմանը նախապատրասվելու համար քիչ ժամանակ ունեի, և ինձ հետ սկսեց աշխատել դերասան Վահագնը, հետո ես մեկնեցի Աֆրիկա՝ հանգստանալու, չնայած հանգստիս ժամանակ յուրացնում էի բառերս, քանի որ բավականին պատասխանատու էր: Երեկ այդ ներկայացումը խաղացի արդեն երկրորդ անգամ և զգում եմ՝ ժամանակի հետ ավելի ու ավելի եմ ինտեգրվում»:

Դերասանուհին նշում է, որ թատրոնի ձևաչափն իրեն դուր է գալիս, քանի որ հանդիսատեսի հետ շփումը շատ անմիջական է. «Դու հնարավորություն ունես անմիջապես հանդիսատեսի աչքերի մեջ նայելով խաղալու, երբեմն հանդիսատեսին նույնպես ներգրավելու ներկայացման ընթացքի մեջ: Ինձ համար դա թատրոնի դրական կողմերից մեկն է»:

Այն հարցին` ինչպես է վերաբերվում այն փաստին, որ թատրոնը չի տալիս դուբլի հնարավորություն, և կարծես իրավունք չունես սխալվելու, դերասանուհին պատասխանում է․ «Ինչ խոսք, թատրոնի աշխատանքը չես համեմատի գեղարվեստական ֆիլմի աշխատանքի հետ, որովհետև այստեղ պատասխանատվությունը կրկնակի է, թեև պետք է նշեմ, որ ես ֆիլմում շատ հազվադեպ եմ երկրորդ դուբլով նկարահանվում»: