«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի Եվան նախագծի երկրպագուներից շատերի կողմից ընկալվեց՝ որպես բացասական եւ խառնակիչ կերպար. այս կարծիքը, սակայն, չի կիսում Եվային մարմնավորող դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, որն իր կերպարին ավելի խորն է ընկալում, այնքան սրտացավ է նրա հանդեպ, որ հաճախ իր հետ նմանություններ է գտնում եւ սրտանց կարեկցում որոշ դեպքերում:

NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ խոսել է Եվայի կերպարի, հեռուատասերիալում նկարահանվելու, կերպարն իր հետ ասոցացնելու եւ քթի պլաստիկ վիրահատությունից հետո իր հասցեին հնչող բացասական խոսակցությունների մասին:

 

Տաթեւը խոստովանեց՝ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին մինչեւ նկարահանվելն էլ էր լսել, գիտեր, որ սիրված է, սակայն նկարահանվել համաձայնվել է, քանի որ «Կայարան» հեռուստասերիալի ավարտից հետո արդեն հասցրել էր կարոտել նկարահանման հրապարակը.

«Մեծ սիրով համաձայնվեցի նկարահանվել եւ չեմ փոշմանում ոչ մի վայրկյան: Շատ թեթեւ եմ աշխատում, երբեւիցե ինձ խորթ չեմ զգացել նկարահանման հրապարակում, շատ ջերմ մթնոլորտ է, եւ շատ արագ եմ մերվել աշխատակազմի հետ»,-ասում է դերասանուհին՝ խոստովանելով, որ շատ ընդհանրություններ է նկատում իր եւ իր մարմնավորած կերպարի միջեւ.

«Կերպարիս շատ եմ ինձ նմանեցնում, որովհետեւ կան տողեր, բառեր, մտքեր, որոնք ինձ շատ հոգեհարազատ են: Չգիտեմ՝ ինչպես է ամեն անգամ համընկնում, բայց շատ տեսարաններ են եղել, որտեղ ես, գուցե, Տաթեւին եմ խաղացել: Հեռուստադիտողն, իհարկե, իմ կերպարին հենց սկզբից ընդունեց՝ որպես բացասական՝ չփորձելով արդարացնել նրան: Բայց ժամանակ անց, գուցե, նրա խորության եւ խոցված լինելուց հետո արդեն հասկացավ, որ իմ կերպարը կարող է լինել նաեւ մարդկային եւ ունենալ օրինակելի վարքագիծ: Առհասարակ, մարդուն ճանաչելու համար ժամանակաշրջան է պետք, եւ ժամանակը հեռուստադիտողին ցույց տվեց, որ Եվայի կերպարն, իսկապես, ունի ասելիք, եւ կան հարցեր, որոնց շուրջ կյանքում պետք է մտածել: Ուրախ եմ, որ երբեմն նամակներ եմ ստանում, որ իրենց համար կարեւոր էր լսել տվյալ խոսքերը եւ այլն: Եթե կարող ես թեկուզ մեկ մարդու սրտին դիպչել, դա արդեն լավ զգալու առիթ է»:

 

Տաթեւին հատկապես հոգեհարազատ են Եվայի մտքերը, օրինակ տիզերիքի եւ երազանքներին հավատալու մասին, որին ինքն անձամբ հավատում է.

«Ես շատ եմ հավատում դրան, եւ վերջին երկու տարիների ընթացքում հաճախ եմ համոզվել, որ այդ ամենն, իսկապես, աշխատում է: Խոսքը միայն հավատալու մասին չէ, այլեւ զգալու: Եթե դու, իսկապես, զգաս, որ դա իրական է, միգուցե, չսպասես էլ, բայց այն, ինչ պատկերացնում ես, իրականանա: Զարմանում եմ, թե որքան ճիշտ հերթականություն ունի կյանքը եւ քեզ բերում է այնտեղ, որտեղ դու պետք է լինես, որի մասին երազել ես»:

Որքան էլ, որ դերասանուհին նմանություն է տեսնում իր մարմնավորած տվյալ կերպարի հետ, խոստովանում է՝ հաճախ իրեն սխալ են ընկալում՝ այս կամ այն կերպարի հետ ասոցացնելով.

 

«Շատ հաճախ է եղել, որ ոչ թե ճանաչելով, այլ պատկերացնելով՝ կերպարը նույնացրել են քո մարդկային որակի հետ: Այս տարիների ընթացքում միշտ զարմացել եմ, թե ինչպես կարող է մարդ կարծիք կազմել մեկ ուրիշի մասին, որին երբեւիցե չի լսել, չի տեսել, աչքերի մեջ չի նայել, չի զգացել, բայց իր որոշման մեջ հաստատական է: Որոշ ժամանակ անց հասկացա, որ իսկապես չեմ կարող ինձ նեղություն տալ այդ մասին մտածելով եւ որեւէ բան փոխել: Յուրաքանչյուրը թող մնա իր կարծիքին եւ մարդուն տեսնի իր պատկերացումներին համապատասխան: Մենք յուրաքանչյուրի մեջ տեսնում ենք այն, ինչ մեզ թույլ է տալիս մեր փորձը, մեր աշխարհայացքը, եւ չես կարող մի ողջ կյանք ծախսել՝ նյարդայնանալով եւ բացատրելով, թե ես այդպիսին չեմ: Պետք է ավելի հանգիստ վերաբերվել դրան եւ դա քեզ չի դիպչի, եթե քո իրականության մեջ դրան տեղ չես տալիս»:

Դերասանուհին խոսեց նաեւ քթի պլաստիկ վիրահատությունից հետո իր հասցեին հնչող բացասական մեկնաբանությունների մասին.

 

«Երբեւիցե այլ վիրահատության չեմ դիմել, բայց շատերը, երբ իմացան մասնակցելու եմ նոր նախագծի, անդադար մեկնաբանում էին, թե ես դարձել եմ արհեստական, ընկել եմ ինչ-որ հոսքի ներքո եւ այլն… Ապշած էի: Մի քանի անգամ փորձեցի անդրադառնալ այն հարցին, որ չի կարելի քո կարծիքը կիսել այնտեղ, որտեղ քեզ չեն հարցրել, եւ որ յուրաքնչյուրն ինքն է որոշում, թե ինչպես է իրեն լավ զգում: Որոշ ժամանակ առաջ ինքս էլ չէի կարող մտածել, որ պիտի դիմեմ վիրահատության: Երբ ինձ հարցնում էին՝ չե՞ս ուզում վիրահատել քիթդ, քեզ կոպտեցնում է, ասում էի, որ ես իմ լավագույն տեսակն եմ, որ կարող եմ լինել: Բայց ժամանակ անց հասկացա, որ կարող եմ էլ ավելի լավը լինել, անկախ նրանից, որ ինձ լավ եմ զգում, միգուցե հոգեվիճակս էլ դեպի ավելի լավը գնա, եւ հասկցա, որ դա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ նկարահանումների ժամանակ նեղվում էի, երբ պրոֆիլի կադրերում էկրանն ինձ կոպիտ էր ցուցադրում: Շատ հաճախ ինձ ասում էին, որ էկրանին այլ մարդ եմ, իրականում՝ ուրիշ: Եթե չնկարահանվեի, գուցե չդիմեի վիրահատության: Հաճախ Instagram-ում նամակներ եմ ստանում, թե առաջ ավելի լավն էի, բայց նախկինում էլ կային բացասական մեկնաբանություններ: Ինչպես ասում են՝ չես կարող բոլորին գոհացնել: Միունույն է՝ միշտ խոսակցության թեմաներ կլինեն, բայց ես միշտ ուշադրություն եմ դարձնում բոլորին, ովքեր դրական են ինձ վերաբերվում եւ յուրաքանչյուր դրական խոսք ինձ համար կարեւոր է: Երբ մարդիկ իրենց նեգատիվով են կիսվում, հասկանում ես՝ չի կարող երջանիկ մարդն իր ժամանակը վատնել ինչ-որ մեկի հասցեին բացասական բաներ գրելով»:

 

Սերիալում Տաթեւի հերոսուհին հաճախակի կոնֆլիկտ է ունենում Անելյա Գուբրյանի եւ Վարուժան Մարգարյանի հերոսների հետ: Իրական կյանքում, սակայն, նրանք լավ ընկերներ են դարձել:

«Խաղընկերիս հետ հրաշալի հարաբերությունների մեջ եմ առաջին իսկ օրվանից: Երբ մարդիկ հասուն են, երբեք կոնֆլիկտներ չեն լինի, քանի որ ապացուցելու, հատուկ բաներ անելու, ինքնահաստատվելու խնդիր չկա: Աշխատում եմ մարդկանց հետ, որոնք ունեն իրենց ձգտումները, պատկերցումները, աշխատասեր են, խելացի են: Մենք անգամ խաղահրապարակից դուրս շփվում ենք Անելյայի եւ Վարուժի հետ»:

Անդրադառնալով կերպարը կերտելու դժվարություններին՝ Տաթեւը նշեց.

«Դժվարությունն այն է, որ ես, ինչպես շատերը, իրականում չեմ սիրում ցույց տալ իմ թույլ կողմերը: Չնայած այն կարծիքին եմ, որ ուժեղ է այն մարդը, որն, իսկապես, ունի կարեկցանքի կարիք եւ հենց այնքանով է ուժեղ, որ կարողանում է ինչ-որ մեկի հետ կիսվել:

 

Կյանքում վախենում եմ ցույց տալ թուլություններս, նույնն էլ կերպարիս հետ եմ փորձում անել»,-անկեղծացավ նա:

Իսկ հարցին, թե սերիալային որ կերպարներին է հասցրել համակրել բացի իր հերոսուհուց, դերասանուհին նշեց, որ ժամանակի սղության պատճառով հաճախ հասցնում է ամբողջական տարբերակով դիտել միայն իր կտորները, սակայն սերիալի զարգացումներին հետեւում է ու հատկապես համակրում սերիալում արդեն հայտնի դարձած զույգերին. սիրում է Լեւոն-Սարա զույգի հումորային եւ թեթեւ հարաբերությունները, Անուշիկ եւ Միկա զույգի կատակները, եւ, իհարկե, ֆիլմի գլխավոր հերոսներին՝ Մաքսին եւ Էլենենին, որոնց երկխոսություններում հաճախ իր կյանքի հետ նույնացումներ է գտնում:

Նյութի աղբյուրը` NEWS.am