2015-06-18 — Ալեն Սիմոնյանն ու լրագրող Մարիամ Մարգարյանը կրկին ամուսնացել են:) Հինգ ամիս առաջ զագսում հարաբերություններն օրինականացրած զույգը հունիսի 14-ին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում ստացել է Աստծո օրհնությունն, իսկ տոնական երեկոն անցկացրել ռեստորանային համալիրներից մեկի բացօթյա սրահում:

«Խոստովանում եմ, որ պսակադրություն կազմակերպելը շատ ճիշտ որոշում էր: Հրաշալի օր անցկացրինք»,-BRAVO.am-ին ասել է նորահարսը եւ հավելել, որ գրեթե չեն նախապատրաստվել հարսանիքին.«Ամեն ինչ արել ենք վերջին մեկ ամսվա ընթացքում:

Հատուկ մարդկանց չենք վարձել. օգնել են մեր ընկերները, որոնց անչափ շնորհակալ ենք:

Միայն վերջին օրերին հասկացանք, որ զարդարանքի հարցում, այնուամենայնիվ, պետք է դիմել մասնագետի»:

Հարսանեկան զգեստի ստեղծման ծանր եւ պատասխանատու գործը Մարիամը վստահել է Անահիտ Սիմոնյանին.

«Աշխատանքի ընթացքում ընդհանրապես չէի պատկերացնում, թե ինչ է ստացվելու, բայց արդյունքով հիացած եմ եւ շատ շնորհակալ»:

Զույգի հարսանեկան խնջույքին հրավիրված են եղել նրանց հարազատներն ու ընկերները, որոնց թվում էին Քրիստինե Պեպելյանը, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանն ու Հայկ Մարությանն` իրենց կանանց հետ, Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը, “Վիտամին” ակումբի տղաները եւ այլք:

«Շատ էինք ուզում, որ միջոցառումը լինի բաց երկնքի տակ, լավ է` եղանակը չդավաճանեց: Շատ լավ քեֆ ստացվեց. բոլորն ուրախ էին եւ անկաշկանդ: Հետհարսանեկան արձագանքներից կարող եմ ենթադրել` նաեւ գոհ:)»,-ասել է Ալեն Սիմոնյանի կինը:

Ինչպես երեւում է հարսանեկան լուսանկարներից, նորապսակների առաջնեկն իրեն երկար սպասել չի տա:):

Մարիամը հղիության 6-րդ ամսում է, զույգն աղջիկ է ունենալու. «Ես հավատում եմ, որ մարդու անունը մեծ դեր ունի նրա ճակատագրի հարցում, այդ իսկ պատճառով ուզում էի իմաստալից եւ ուժեղ անուն ընտրել:

Մեր աղջկան կոչելու ենք Վիկտորիա, որպեսզի նրան միշտ ուղեկցեն հաղթանակները»: