Երեւանում փետրվարի 23-ին անցկացվեց MIX FIGHT 40 մրցաշարը, որին ներկա էր նաեւ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերասան Սամի Նասերին, փոխանցում է NEWS.am Sport -ի թղթակիցը:

Մրցաշարի գլխավոր մենամարտերի ժամանակ մարզադահլիճում էր նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացված երեկոյի գլխավոր մենամարտում հանդես եկավ խառը մենամարտերում (MMA) Հայաստանի առաջատար մարզիկներից Դավիթ Խաչատրյանը, որը Եվրոպական չեմպիոնական գոտու համար 3 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց իտալացի Սիմոնե Բոտինոյին: Խաչատրյանը 25-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում, որտեղ կրել է նաեւ 4 պարտություն:

Դավիթ Խաչատրյանին չեմպիոնական գոտին հանձնեց Գագիկ Ծառուկյանը, Սամի Նասերին եւս բարձրացավ ռինգ եւ շնորհավորեց հայ մարտիկին:

Երեկոյի ընթացքում անցկացվեցին 15 մենամարտեր՝ MMA-ի ու K-1-ի կանոններով: Մենամարտերից երեքը չեմպիոնական գոտու համար էին: WKL վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ղուլինյանը (68 կգ), որն ուժեղ գտնվեց իսպանացի Մանուել Գարսիայից: