Տաք կակաոն օգտակար է ցրված սկլերոզի (MS) ժամանակ՝ բարձրացնելով պացիենտների ֆիզիկական ակտիվությունը։ Նման եզրահանգման են եկել, ինչպես տեղեկացնում է EurekAlert!-ը, Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Հետազոտությունում ներգրավվել է 40 մարդ, որոնց մոտ ոչ այնքան վաղուց ախտորոշվել է ցրված սկլերոզ։ Փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբի կամավորները պետք է մեկական բաժակ կակաո խմեին ֆլավոնոիդների եւ բրնձի կաթի բարձր պարունակությամբ, իսկ երկրորդ խմբի կամավորները՝ կակաո ֆլավոնոիդների ցածր պարունակությամբ։ Կակաոն պետք էր խմել ամեն օր վեց շաբաթվա ընթացքում, ուտելուց 30 րոպե առաջ։

Կամավորներն ամեն օր գնահատել են իրենց հոգնածության աստիճանը տասը միավորանոց սանդղակով, որոշակի ժամանակամիջոցում՝ 10.00, 15.00 եւ 20.00։

Ֆլավոնոիդները բնական ներկանյութեր են եւ սննդային հակաօքսիդանտներ, որոնք, մասնավորապես, պարունակվում են շոկոլադի, կարմիր գինու եւ կանաչ թեյի մեջ։ Մի շարք ֆլավոնոիդներ ունեն հակաբակտերիալ ազդեցություն։

Փորձի մասնակիցները, որոնք օգտագործում էին ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ կակաո, տեղեկացրել են, որ նրանց մոտ բարձրացել է ակտիվության մակարդակը, ինչպես նաեւ ավելի դիմացկուն են դարձել քայլելիս։ Բացի այդ, նրանց մոտ նկատվել է հոգնածության զգացողության նվազում։

Ցրված սկլերոզը հիմնականում առաջանում է երիտասարդ եւ միջին տարիքում (15-40 տարեկան)։ Հիվանդության առանձնահատկությունն այն է, որ միաժամանակ վնասվում են նյարդային համակարգի մի քանի հատվածներ, ինչը հանգեցնում է տարատեսակ նյարդաբանական ախտանշանների առաջացման։