Գերմանիայում բնակվող հայտնի լրագրող Անի Քոչարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Մեկ տարի անցավ. մեկ տարի, որը մի ողջ դար թվաց:
2018-ի մայիսի 25-ին էր, որ լսեցի.
- Ցավում ենք, բայց դուք արյան քաղցկեղ ունեք(AML):

 Լսածիդ անմիջապես չես հավատում. չի կարող պատահել, գրողը տանի, այդ ինչպե՞ս: Շոկին հաջորդում է ըմբոստությունդ, պայքարելու ձգտումդ, հետո բուժումները լրիվ թուլացնում են ու տկար մարմնիդ պատում է դեպրեսիան և ընկճախտից դուրս գալու և այդ կատաղի պայքարում հաղթելու միակ փրկությունը Տերն է:

Այսօր, երբ ամեն բան անցյալում է, հետ եմ նայում և տեսնում, որ այդ ախտորոշումը, որը կյանքս պիտի խլեր, իրականում խլեց իմ կյանքից շատերին, ովքեր անգամ դժվարացան մի «առողջություն» մաղթել: Բայց նաև հայտնվեցին բազում մարդիկ, ովքեր ինձ անձամբ ծանոթ անգամ չլինելով շտապեցին օգնության ու քաջալերման և այս գրառումը երախտիքի խոսք է բոլոր նրանց, ովքեր կողքիս էին, ովքեր, թեկուզ հեռավորության վրա փորձեցին սիրտ տալ ու ձեռք բռնել:

Շնորհակալ եմ բոլորիդ, Տերը թող լիուլի ձեզ շնորհի և, ամենակարևորը, առողջություն պարգևի:
Պայքարի, կյանքի ու մահվան այս կռվի մեկ տարին ինձ համար մեծ դաս էր, որն այլևս մի նոր Անիի կերտման պատճառն է: Այսօր ես ինձ էլ ավելի լավ եմ ճանաչում` իմ ուժն ու հավատքիս զորությունը, կողքիս կանգնած մարդկանց, ընկերներին և չընկերներին, բոլորիիին: Քաղցկեղը մի յուրօրինակ դետեկտոր հանդիսացավ:
Հ.Գ. Փառք Տիրոջ, որ այսօր բժշկված վերադարձել եմ իմ բնականոն կյանքին և մեկ շաբաթ է, ինչ նաև աշխատանքին»: